Սերժ Սարգսյանը դուրս կգա կառավարական ամառանոցից. Նաիրի Պետրոսյան

Հայաստանի պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը օրենքով նախատեսված կեցավայրի տրամադրման շուրջ կառավարության աշխատակազմի ղեկավարի հետ քննարկումների ամբողջ ընթացքում երբեք պահանջներով հանդես չի եկել: Այս մասին Aysor.am-ին ասել է Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը։

Նա հավելել է, որ գրասենյակը որևէ բազմամիլիոնանոց առանձնատուն չի պահանջել:

«Սերժ Սարգսյանի գրասենյակը քննարկումների ամբողջ ընթացքում որևէ պահանջ չի ներկայացրել։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ պայմանավորվել էինք, որ նախագահ Սարգսյանի համար կեցավայր ընտրելու հարցում որպես չափանիշ ընդունվելու են ՀՀ առաջին և երկրորդ նախագահների համար արդեն գտնված լուծումները: Լուծումը պետք է լիներ տրամաբանական՝ համապատասխանելով նման կեցավայրի անվտանգության պահանջներին», – ասել է Պետրոսյանը։

Պետրոսյանի խոսքով` Սերժ Սարգսյանը նպատակահարմար չի գտել ընդունել կառավարության կողմից առաջարկված կեցավայրի տարբերակը` մի շարք դրդապատճառներից ելնելով:

«Նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել, որ այլևս չի բնակվելու կառավարական ամառանոցում և ողջամիտ ժամկետում դուրս կգա այդ տարածքից՝ տեղափոխվելով այլ առանձնատուն», – տեղեկացրել է նա:

***

Սերժ Սարգսյանի գրասենյանը հոկտեմբերի 3-ին մերժել էր նախկին նախագահին հատկացվելիք առանձնատան ևս մի առաջարկ, որն արվել էր կառավարության աշխատակազմի կողմից անցյալ շաբաթ։

Մեկնաբանել