Հայաստանում այսօր սգո օր է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հոկտեմբերի 6-ին՝ Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը, Հայաստանում սգո օր է։

Պետական կառավարման համակարգի մարմինները, համայնքները, օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները խոնարհում են պետական դրոշը: Արտերկրում ՀՀ դեսպանություններում և հյուպատոսություններում բացվում են սգո մատյաններ:

Այսօր Էջմիածնի մայր տաճարում մատուցվել է հոգեհանգստյան կարգ՝ նվիրված Շառլ Ազնավուրին։

Ազնավուրին հողին կհանձնեն այսօր՝ Փարիզի արվարձանում գտնվող ընտանեկան գերեզմանատանը։

***

Հոկտեմբերի 5-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, տիկին Նունե Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ ներկա են գտնվել աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը, որը տեղի է ունեցել Փարիզի Ինվալիդների պալատում (Hotel des Invalides): Միջոցառմանը ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տիկին Բրիջիտ Մակրոնը, Ֆրանսիայի նախկին նախագահներ` Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը, Ֆրանսիայի վարչապետ Ֆիլիպ Էդուարդը, Ֆրանսիայի հասարակական, քաղաքական, մշակութային հայտնի գործիչներ, Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ֆրանսիայի Ազգային Գվարդիայի նվագախմբի կատարմամբ նախ հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի ազգային օրհներգերը, որից հետո վարչապետ Փաշինյանը և Էմանուլ Մակրոնը մոտեցել են Շառլ Ազնավուրի ընտանիքի անդամներին ու իրենց ցավակցությունները հայտնել նրանց:

Լուսանկարը՝ կառավարության ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել