ՀՅԴ-ն հայտարարում է՝ «որևէ բան չպետք է բացառել»

Հոկտեմբերի 8-ին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը և ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը հանդիպում են ունեցել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ:

Լրագրողների հարցին՝ ՀՅԴ-ն հուշագիր ստորագրելո՞ւ է, թե՞ ոչ, Համբարձումյանը պատասխանել է, որ որեւէ բան չպետք է բացառել, բայց հետագա պայմանավորվածությունները ցույց կտան, հաղորդում է Ա1 պլյուսը:

Կարելի՞ է ենթադրել, որ ՀՅԴ-ն փոխել է իր մոտեցումը արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետի մասով եւ համաձայն է, որ այն տեղի ունենա դեկտեմբերին՝ Համբարձումյանը ասել է. «Ոչ, մեր դիրքորոշման մեջ որեւէ բան չի փոխվել, մենք ժամկետի մասին չենք ասել, մենք ասել ենք քայլերի ու գործողությունների մասին: Մենք ասել ենք՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտություն են, արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու համար անհրաժեշտ են այն քայլերն ու գործողությունները, որոնք ամրագրված են կառավարության գործունեության ծրագրում:

Երբ կկատարենք այդ քայլերը, ըստ այդմ պարզ կլինի, թե որ ժամկետն է ավելի խելամիտ: Եթե դա հնարավոր է կատարել դեկտեմբերին, ուրեմն ընտրությունները կարելի է կատարել դեկտեմբերին: Եթե դա իրատեսական չէ, ուրեմն այլ ժամկետ պետք է դիտարկել: Մենք կոնկրետ ժամկետ չենք ասել: Մինչ օրս ԱԺ դեռեւս չի ուղարկվել ԸՕ բարեփոխումների փաթեթը, կառավարությունը դեռ չի հաստատել, կուղարկի ԱԺ, պարզ կլինի, թե ինչքանով է իրատեսական»:

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հուշագիր են ստորագրել դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։

 

Լուսանկարը՝ արխիվային