Երևան–Բաքու երկաթուղու Մեղրի-Կապան հատվածի երկաթգիծն ապամոնտաժելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով իրականացվում են մեծածավալ քննչական գործողություններ, հաղորդում է Քննչական կոմիտեն։
«Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված կոնցեսիոն պայմանագրի հիման վրա՝ 01.06.2008թ. հանձնման-ընդունման ակտերի համաձայն՝ Երևան-Բաքու երկաթգծի Մեղրի-Կապան հատվածը՝ շուրջ 40 կմ. երկարությամբ, հանձնվել է ընկերությանը՝ 126.590.817 դրամ մնացորդային արժեքով, սակայն 2010-2011 թվականների ընթացքում երկաթգծի նշված հատվածն ամբողջությամբ ապամոնտաժվել և հափշտակվել է:
Հաշվի առնելով քրեական գործի նախաքննության նկատմամբ հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ պատճառված հնարավոր նյութական վնասի առկայությունն ու դրա չափը, ինչպես նաև քրեական գործով նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու համար վարույթն իրականացնող մարմնի կողմից ՍՊԸ-ում նշանակվել է ստուգում, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:
***
2017թ․ օգոստոսին ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ ՍիվիլՆեթի «Երևան-Բաքու երկաթգծի՝ Արաքսի հատվածը՝ թալանված» վերտառությամբ հոդվածի առթիվ գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով քրեական գործ հարուցել։