ԱՐԻ․ վերաբնակեցնելով Քաշաթաղն ու Քարվաճառը

ԱՐԻ՝ «Արցախ ռութս ինվեսթմենթ» (Artsakh Roots Investment) ներդրումային ընկերության բաժնետերերը հերթական այցով ժամանել են Արցախ՝ տեղում ծանոթանալու նախորդ տարիների գործունեության արդյունքներին, հանդիպումներ ունենալու Քաշաթաղի և Քարվաճառի շրջանների բնակչության, իշխանությունների հետ և քննարկելու «Արցախ-2028» խորհրդաժողովի անցկացման մանրամասները:

Հոկտեմբերի 15-ին սփյուռքահայ գործարարները հանդիպումներ են ունենալու Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի, նախագահ Բակո Սահակյանի, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Խումբը գլխավորում է լիբանանահայ գործարար Վահան Գասարջյանը:

2010-ին հիմնադրված և սփյուռքահայ գործարարներից կազմված ԱՐԻ-ի ընկերությունը Արցախի Քարվաճառի՝ Նոր Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում (Մռավի լեռներից մինչև Արաքս ընկած տարածքում), ընդհանուր առմամբ, կատարել է շուրջ 7 միլիոն դոլար ներդրում գյուղատնտեսության և բնակարանաշինության ոլորտներում: Ընկերությունը երկարաժամկետ, ցածր տոկոսադրույքով և առանց գրավի վարկեր է տրամադրում գյուղացիներին: Արցախի իշխանությունները երաշխավորում են վարկերի վերադարձելիությունը:

ԱՐԻ-ի հիմնադրման նպատակն էր վերաբնակեցնել Քաշաթաղն ու Քարվաճառը, Արցախի՝ Հայաստանին կապով երկու ռազմավարական շրջանները: Ընկերությունը ստեղծվեց 16 լիբանանահայ գործարարների մասնակցությամբ: Այսօր բաժնետերերի թիվը հասցել է 220 անհատ գործարարների, որոնք ներկայացնում են Սիրիան, ԱՄԷ-ն, Քուվեյթը, Շվեյցարիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ավստրալիան: ԱՐԻ-ին վերջին միացողները 20 նոր ներդրողներ են Մելբուռնից և Սիդնեյից, ովքեր ստանձնել են Արցախում 40 նոր տների կառուցման հանձնառությունը:

Այս տարվա մարտին Բեյրությում, Բակո Սահակյանի և Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ի մասնակցությամբ տեղի ունեցավ ԱՐԻ-ի ներդրողների հանդիպումը, որի ընթացքում որոշվեց աշնանը Ստեփանակերտում անցկացնել «Արցախ-2028» խորհրդաժողովը:

Հայաստանում և Արցախում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների պատճառով «Արցախ-2028» խորհրդաժողովը կգումարվի ավելի ուշ և ոչ այս աշնանը, ինչպես նախատեսվում էր:

«Արցախ-2028» խորհրդաժողովի նպատակն է ծրագրել ԱՐԻ-ի ներդրումային քաղաքականությունը առաջիկա 10 տարիների համար:

ԱՐԻ-ի անդամները շաբաթ և կիրակի օրերին այցելեցին Դադիվանքի վանական համալիր, Տիգրանակերտ, ինչպես նաև մասնակցեցին «Բերքի տոն» ցուցահանդես-տոնավաճառին, որը կազմակերպվել էր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում և հարակից փողոցներում:

Վաղը խումբը կանգառ կունենա Աղավնո գետի ափին, որտեղ կառուցվել է Արիավան գյուղը: Սա ԱՐԻ-ի ամենախոշոր ներդրումային ծրագիրն է: Բացի այդ, Լիբանանի «Արցախ ֆոնդը», ինչպես նախորդ ավելի քանի տասը տարիներին, այս անգամ ևս մեկական կով կտրամադրի Քաշաթաղի շրջանի այն ընտանիքներին, որտեղ ծնվել է երրորդ երեխան:

Թաթուլ Հակոբյան

Լուսանկարում՝ Արիավան գյուղը

Մեկնաբանել