Ռոբերտ Քոչարյանն ասել է՝ ինչ ձևով է տեսնում իր մասնակցությունը քաղաքականության մեջ

Ես ցանկանում եմ օգնել քաղաքական համակարգում հավասարակշռության ակտիվ ձևավորմանը․ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր ոչ պաշտոնական՝ 2rd.am կայքի հրապարակած հարցազրույցում։ Bloomberg-ը ուրբաթ հրապարակել էր հարցազրույց Ռոբերտ Քոչարյանի հետ։ Երկրորդ նախագահի գրասենյակը իր հերթին հրապարակել է զրույցի ամբողջական տեքստը, որի ոչ բոլոր հատվածներն են տեղ գտել Bloomberg-ի հոդվածում։

Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ «Ի վերջո, Թավշյա հեղափոխության ողջ իմաստն քաղաքական մենաշնորհը կազմաքանդելու մեջ էր»։ «Ես համարեցի, որ այդ իրավիճակում պետք է ձայն բարձրացնել, պետք է խոսել սեփական հայացքների մասին, պետք է փորձել օգնել այն գործընթացին, որը դիմակայում է նոր քաղաքական մենաշնորհի ձևավորմանը»,- ասել է նա։

– Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Ձեր նպատակն ակտիվ քաղաքականություն վերադառնալն է՝ ինչ-որ պաշտոն զբաղեցնելը, գուցե խորհրդարանում, գուցե որպես վարչապետ, կամ լինել ընդդիմադիր առաջնորդ՝ քաղաքական համակարգում որոշ հավասարակշռություն ապահովելու համար։

– Ես ցանկանում եմ օգնել այդ հավասարակշռության ակտիվ ձևավորմանը։

Ինչպե՞ս։

– Դառնալ դրա մասնակիցը, առաջին հերթին՝ տեսակետներ արտահայտելով, երկրորդ՝ ակտիվ փոխգործակցությամբ այլ քաղաքական ուժերի հետ, օգտագործելով ամբողջ այն գործիքակազմը, որով, սովորաբար, մասնակցում են քաղաքական գործընթացներին։ Դա կարող է լինել և անձնական մասնակցություն, կարող է լինել համագործակցություն, կարող է լինել պարզապես ակտիվ դիրքորոշում Հայաստանի քաղաքական հարթակում, դիրքորոշում՝ հասարակությանը մտահոգող հարցերի և ընդհանուր իրավիճակի վերաբերյալ։ Այսինքն՝ այստեղ բավականին լայն շրջանակ է։ Ամենակարևորն ինձ համար այն էր, որ չի կարելի հեռու մնալ տեղի ունեցող իրադարձություններից։ Ինչ-որ պաշտոն զբաղեցնելը երբեք ինձ համար ինքնանպատակ չի եղել։ Ես անցել եմ ամենաբարձր պաշտոններով, որոնց մասին ցանկացած քաղաքական գործիչ կարող է երազել։ Եվ այս դեպքում դա ինձ համար ինչ-որ նոր, այսպես ասած՝ չտեսնված բան չէ, որին ձգտելու ուժգին ցանկություն լինի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև․

Մեկնաբանել