Քարվաճառում կկառուցվի Սիդնեյ անունով թաղամաս

Քարվաճառում կկառուցվի Սիդնեյ անունով թաղամաս՝ ավստրալահայ գործարարների ներդրումով։

Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը Ստեփանակերտից, Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ հանդիպմանն այս մասին նրան տեղեկացրել են Արցախ ժամանած սփյուռքահայ գործարարները։

Ավելի քան 200 սփյուռքահայ (հիմնականում՝ լիբանանահայ և Լիբանանից հեռացած) գործարարներից կազմված ԱՐԻ՝ «Արցախ ռութս ինվեսթմենթ» (Artsakh Roots Investment) ներդրումային ընկերության բաժնետերերի խումբը՝ շուրջ 25 հոգի, հերթական այցով, հոկտեմբերի 13-ից 16-ը, ժամանել է Արցախ՝ տեղում ծանոթանալու նախորդ տարիների գործունեության արդյունքներին, հանդիպումներ ունենալու Արցախի իշխանությունների հետ և քննարկելու «Արցախ-2028» խորհրդաժողովի անցկացման մանրամասները:

ԱՐԻ ընկերությունը Աղավնո գետի ափին Արիավան անունով 50 նորակառույց տներով գյուղ կառուցելուց հետո մտադիր է ևս 40-ը կառուցել, այս անգամ՝ Քարվաճառում: Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ հանդիպմանը ԱՐԻ-ի վարչության անդամները տեղեկացրել են, որ քանի որ այս ծրագիրը իրականացվելու է ավստրալահայության ներդրումերով, առաջարկվում է թաղամասը անվանել Սիդնեյ։

Մարտիրոսյանը կարևորել է ԱՐԻ-ի դերը Արցախի վերաբնակեցման քաղաքականությանն աջակցության հարցում՝ ընդգծելով գյուղատնտեսության և բնակարանաշինության ոլորտներում իրականացվող ծրագրերը: Քննարկման փուլում է նաև Արիավանում ևս 20 առանձնատներ կառուցելու նախագիծը:

ԱՐԻ ընկերության հոգաբարձուների խորհրդի անդամ Վահան Գասարջյանը ասել է, որ ընկերության ներդրումներից օգտվել է մոտ 5000 ընտանիք Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններում:

Թաթուլ Հակոբյան, Ստեփանակերտ

Լուսանկարում՝ տեսարան Սիդնեյից

Կարդացե՛ք նաև՝

Լիբանանը Արցախի կյանքում հատուկ տեղ ունի

Հայաստանը Արցախին կապող նոր՝ երրորդ մայրուղին է կառուցվելու

ԱՐԻ․ վերաբնակեցնելով Քաշաթաղն ու Քարվաճառը

Մեկնաբանել