Դաշնակցությունը «ինքնանպատակ հուշագրեր ստորագրելու խնդիր չի տեսնում»

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը չի պատրաստվում ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրել, քանի որ խորհրդարանում յոթ հոգով ներկայացված լինելու պայմաններում անտրամաբանական է նման առաջադրումը․ այսպիսի հայտարարություն, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, արել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ վստահեցնելով, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո ՀՅԴ-ն երբևէ չի պատրաստվել առաջադրել վարչապետի թեկնածու:

«ՀՅԴ-ն վաղուց է ասել, որ յոթ հոգով վարչապետի թեկնածու առաջադրելը անիմաստ զբաղմունք է: Տրամաբանություն պետք է գոյություն ունենա, յոթ հոգով ինչպե՞ս կարող ենք առաջադրել: Մենք 2017-ի ընտրություններից հետո երբեք չէինք էլ պատրաստվել վարչապետի թեկնածու առաջադրել»,- ասել է Ռուստամյանը:

Անդրադառնալով իրենց տեսակետը հուշագրով ամրագրելու մասին հարցին` Ռուստամյանը նշել է, որ «ինքնանպատակ հուշագրեր ստորագրելու խնդիր չեն տեսնում»: Ռուստամյանի խոսքով՝ «հինգ խնդիր են դրել, որոնց շուրջ սկսվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իրենց համագործակցությունը»:

«Մենք կողմնակից ենք, որ խորհրդարանական ընտրությունները կայանան նորմալ պայմաններում, այնպես, ինչպես ժողովուրդը որոշի»,- հավելել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

***

Հոկտեմբերի 8-ին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը և ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը հանդիպում են ունեցել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, որից հետո պատասխանելով լրագրողների հարցին՝ ՀՅԴ-ն հուշագիր ստորագրելո՞ւ է, թե՞ ոչ, Համբարձումյանը պատասխանել է, որ «որևէ բան չպետք է բացառել, բայց հետագա պայմանավորվածությունները ցույց կտան»։

Ավելի վաղ Հանրապետական կուսակցությունը հայտարարել էր, որ վարչապետի թեկնածու առաջադրելու մտադրություն չունի։

Հոկտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հուշագիր են ստորագրել դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։

Ազգային ժողովի մոտ երկու տասնյակ պատգամավոր պատգամավոր միացել է ստորագրահավաքին՝ ի պաշտպանություն դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը։

Ակնկալվում է, որ այսօր երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհայտարարի իր հրաժարականի մասին։

France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ մինչև հոկտեմբերի 16-ը հրաժարական կտա, և Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի կունենան մինչև այս տարվա դեկտեմբերի կեսը։

Մեկնաբանել