Վարչապետի հրաժարականից հետո․ ինչ է պետք իմանալ

Խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջին քայլը պետք է սկսվի վարչապետի հրաժարականից։ Ի՞նչ է պետք իմանալ հրաժարականին հաջորդող ընթացակարգերի մասին։

  • Վարչապետի հրաժարական ներկայացնելու նույն օրը կառավարությունը հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը (Սահմանադրություն, հոդված 158), նախագահը անհապաղ ընդունում է այդ հրաժարականը (Սահմանադրություն, հոդված 130)։
  • Հրաժարականն ընդունելուց հետո յոթնօրյա ժամկետում Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ:
  • Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով (Սահմանադրություն, հոդված 149)։
  • Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովն արձակվելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 45 օր հետո (Սահմանադրություն, հոդված 92)։
  • Այսինքն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշանակում է օրը սահմանված ժամկետների մեջ, որից հետո ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի՝ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ (Ընտրական օրենսգիրք, հոդված 104), իսկ կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 20 օր առաջ:
  • Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների, թեկնածուների գրանցման սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ (Ընտրական օրենսգիրք, հոդված 19):

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել