ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված ծավալուն հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Հայաստանում 2008թ․ հետընտրական իրադարձություններից հետո սահմանադրական կարգը տապալելու համար։
Հարցազրույցում Քոչարյանը նշում է, որ իր նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հետապնդում։ Հարցին, թե ինչ փուլում է այժմ իր դեմ հարուցված քրեական գործը, արդյոք այն իրավաբանական հեռանկար ունի և արդյոք ինքը հնարավոր համարում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Քոչարյանը պատասխանել է.
«Ոչ միայն հնարավոր համարում եմ, այլև անպայման կդիմեմ [ՄԻԵԴ], եթե նման անհրաժեշտություն առաջանա։ Հարցն այն է, որ դրա համար պետք է անցնել ներպետական բոլոր ընթացակարգերը։ Թեև կան առանձին դեպքեր, որ ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունում գործեր մինչև ներպետական ընթացակարգերի սպառումը, այն դեպքում, երբ կա ակնհայտ ճնշում դատարանների նկատմամբ և իրավիճակ, որի դեպքում ներքին ընթացակարգերն արդեն ինքնին չեն կարող ապահովել օբյեկտիվ դատաքննություն։ Իմ դեպքում նման ճնշում կա, և իմ փաստաբաններն արդեն պատրաստում են այդ դիմումը [ՄԻԵԴ]»։
Քոչարյանը նշել է, որ Հատուկ քննչական ծառայության ղեկավարի և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի գաղտնազերծված խոսակցությունը «ինչ-որ չտեսնված բան է Հայաստանի պատմության մեջ»։ «Այնպիսի սկանդալ է, որին պետք է հետևեր հրաժարականների շարք։ Սակայն նրանք բոլորը շարունակում են մնալ իրենց պաշտոններում, բոլորն իրենց բավական լավ են զգում, և անում են այն, ինչով որ զբաղվում էին։ Թեև օբյեկտիվորեն ասած՝ նրանք բռնվել են հանցագործության պահին, քանի որ դատարանների նկատմամբ ճնշումը ուղղակի քրեական հանցագործություն է»։
Քոչարյանը նշել է, որ միայն այդ փաստը ինքնին ոչնչացնում է իր նկատմամբ հարուցված քրեական գործը։
Կարդացե՛ք նաև՝ Ռոբերտ Քոչարյանը կուսակցություն կստեղծի