Ռոբերտ Քոչարյանը կուսակցություն կստեղծի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կուսակցություն կստեղծի․ այս մասին նա ասել է ռուսաստանյան «Ռիա նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում։

«Ինչպե՞ս է տեսնում իր վերադարձը քաղաքականություն, եթե չի մասնակցելու առաջիկա խորհդարանական արտահերթ ընտրություններին և չի հավակնելու վարչապետի պաշտոնին» հարցին Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է, որ պարզապես առաջիկա ընտրություններին չի հասցնում։

«Կա երկու հանգամանք։ Նախ՝ ինձ համար իսկապես շատ կասկածելի է բուն այս գործընթացի օրինականությունը, երկրորդ՝ ես չեմ հասցնի»,- ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ իր՝ անկուսակցական լինելու հանգամանքը ենթադրում է, որ պետք է կուսակցություն ստեղծել զրոյից, այլ ոչ թե վերականգնել մի բան, որ եղել է։

«Ընդ որում՝ կցանկանայի ընտրությունների գնալ նոր, թարմացված թիմով: Դու հայացքդ հառում ես այն մարդկանց, որոնց գիտես, շրջապատին, որի հետ շփվել, աշխատել ես։ Սակայն հաշվի առնելով ստեղծված իրադրությունը՝ պետք է ներգրավել նոր, տաղանդավոր, երիտասարդ, եռանդուն մարդկանց»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահը։

Կուսակցության անունը Քոչարյանը սկզբունքային հարց չի համարում և ներկայիս ընդդիմադիր դաշտում տեսնում է «շատ լուրջ վակուում, որը պետք է լցնել՝ ելնելով երկրի շահից»։

«Ես չունեմ որևէ պաշտոն զբաղեցնելու ձգտում։ Եթե լիներ նման ձգտում, ես տասը տարի չէի ապրի իմ մասնավոր կյանքով։ Իրավիճակը զարգանում է այնպես, որ ներքաշվում ես գործընթացի մեջ, որից չես կարող քեզ վանել կենսագրության, խառնվածքի և կյանքի դիրքորոշման բերումով»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Կարդացե՛ք նաև՝ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է դիմել Եվրոպական դատարան

Մեկնաբանել