Կարո՞ղ է արդյոք Հայաստանը հավակնել ավելի մեծ աջակցության ԵՄ-ից

Երևանում է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգի ղեկավարած պատվիրակությունը: Հոկտեմբերի 17-ին եվրոպացի պաշտոնյաները հանդիպել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Երեկոյան նրանք փակ հանդիպում և զրույց ունեցան նաև մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա էր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ ՍիվիլՆեթը ներկա էր զրույցին։ Ստորև առանձնացված են եվրոպացի պաշտոնյաների՝ քննարկմանը հնչեցրած մի քանի մտքեր։

Արտահերթ ընտրությունների մասին

«Մենք կարևոր պահի ենք եկել՝ վարչապետի հրաժարականից հետո, և հնարավոր խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ՝ դեկտեմբերին։ Ինչպես նախկինում, մենք այս ընտրությունների համար միջոցներ կհատկացնենք՝ այլ դոնորների հետ»,- նշեցին եվրոպացի պաշտոնյաները՝ ընդգծելով՝ այն փաստը, որ ԵՄ-ն գումար է հատկացնում Հայաստանի արտահերթ ընտրությունների համար, շատ կարևոր ուղերձ է․

«Սա շատ կարևոր ուղերձ է։ Սովորաբար ԵՄ-ի համար երկար ժամանակ է պահանջվում նման հատկացումներ անելու համար, սակայն նկատի ունեցել ենք, որ ընտրությունները կարող են լինել նաև ավելի վաղ, և դրա համար գումար է նախատեսվել։ Գումարները հատկացվելու են ՄԱԿ-ի զամբյուղ ֆոնդի (basket fund) միջոցով»։

Ըստ զրուցակիցների՝ ԵՄ-ի աջակցությունը կլինի 3 միլիոն եվրոյի չափով։

ԵՄ-ից բացի՝ հայաստանյան ընտրություններին ֆինանսական աջակցություն են տրամադրելու ԵՄ անդամ առանձին ևս երեք երկիր՝ Գերմանիան, Շվեդիան և Մեծ Բրիտանիան։

«Մենք կցանկանանք ընտրություններին տեսնել երիտասարդների և կանանց լայն մասնակցությունը»,- նշեցին եվրոպացի պաշտոնյաները։

Հայաստանը կարո՞ղ է արդյոք ԵՄ-ից ակնկալել ավելին

Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցությունից վերադառնալիս հուլիսի 12-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհություն էր հայտնել, որ չնայած Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններին, երկրին ԵՄ-ի աջակցության ծավալը շարունակում է մնալ նույնը։ Դեռ նախորդ կառավարության օրոք ԵՄ-ն հաստատել էր Հայաստանին առաջիկա տարիներին մինչև 180 միլիոն եվրո հատկացնելու ծրագիրը։

Եվրոպացի պաշտոնյաները ասացին, որ վարչապետ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի օրերին հանդիպում է ունեցել Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի հետ։

«Այս հանդիպումների առավելությունն այն է, որ մենք ավելի մանրամասն կարողանում ենք բացատրել, թե որ ոլորտներում ենք ավելի ակտիվ։ Եվ, ըստ էության, խնդիրը միայն փողը չէ։ Բավական շատ հասանելի գումար կա։ Առաջիկա չորս տարիների ընթացքում մինչև 400 միլիոն եվրո գումար կարող է հատկացվել Հայաստանին»,- նշեցին զրուցակինցերը՝ հավելելով, որ կարևոր է, թե ինչ ծրագրեր ու առաջնահերթություններ է ներկայացնում աջակցութուն ակնկալող երկիրը։

«Հայաստանի կառավարության համար մարտահրավերը ոչ թե այն է, թե ինչքան գումար կհատկացվի, այլ այն, թե ինչ առաջնահերթություններ է նա սահմանում։ Մենք Հայաստանի կառավարության հետ պետք է հստակեցնենք, թե ինչ ծրագրեր են իրենք ցանկանում անել և մենք ինչպես կարող ենք դրանց աջակցել։

Նախևառաջ, պետք է օգտագործենք այն գումարները, որոնք արդեն իսկ հատկացվել են։ Այդ ուղղությամբ վերջին մեկ ամսում մեծ առաջընթաց է եղել։ Նոր կառավարությունը այդ ուղղությամբ առաջ է շարժվում։ Սակայն դեռ կան խնդիրներ, որ պետք է արժանանան կառավարության ուշադրությանը, այդ թվում՝ երկարաժամկետ ներդրումները։ Հայաստանը պետք է լավացնի իր կատարողականը, որպեսզի ներգրավի ներդրումներ»։

Ինչ վերաբերում է լրացուցիչ ակնկալիքներին, եվրոպացի պաշտոնյաները նշեցին, որ վարչապետ Փաշինյանը իրենց հետ հանդիպմանը կարևորել է ենթակառուցվածքներն ու կրթությունը։ «Պետք է նստենք և հասկանանք, թե ինչ է հարկավոր անել»։

«Սակայն կա այլ տարր, որը երկարաժամկետ ռազմավարությունն է։ Մյուս տարի լինելու են քննարկումներ երկարաժամկետ ֆինանսավորման շրջանակի (multi annual framework) շուրջ։ Եվ եթե Հայաստանը կարողանա հավաստել իր հավատարմությունը բարեփոխումներին, ԵՄ գումարների արդյունավետ ծախսումը, կարող է հավակնել նոր ֆինանսավորում ստանալուն։ Շատ կարևոր է ցույց տալ, որ խնդիրը վերաբերում է ոչ միայն լավ խոսքերին, այլև բարեփոխումների կոնկրետ ծրագրերին ու Հայաստանի լավ իմիջին»,- նշեցին զրուցակիցները։

Արդարադատության ոլորտի բարեփոխումների մասին

Եվրոպացի պաշտոնյաները նշեցին, որ վարչապետի հետ հանդիպմանը վերջինս առանձնահատուկ կարևորել է արդարադատության համակարգի բարեփոխումը։

«Տպավորություն ունենք, որ նա իսկապես ցանկանում է առաջ տանել այդ բարեփոխումը։ Դա կարևոր է, քանի որ այդպիսի բարդ բարեփոխումը չի կարող մեկ հոգու կողմից իրականացվել, դա պետք է ամբողջ կառավարության կողմից իրականացվի»։

Հայաստանի հետ համագործակցությունը աշխարհաքաղաքական չէ

Եվրոպացի պաշտոնյաները ասացին, որ Հայաստանի հետ համագործակցությունը աշխարհաքաղաքական չէ։

«Արևելյան գործընկերությունը հիմնված չէ երկուսի միջև ընտրություն կատարելու կոնցպետի վրա։ Մենք մեր գործընկերներին չենք ասում ընտրություն կատարեք մեր կամ մյուսների միջև։ Մենք համոզված ենք, որ դուք կարող եք ունենալ լավ հարաբերություններ ԵՄ-ի հետ՝ միաժամանակ լավ հարաբերություններ ունենալով մյուսների հետ»,- նշեցին նրանք։

Եվրոպացի պաշտոնյաների խոսքով, ԵՄ-ի և Հայաստանի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA) որևէ կերպ չի հակասում Եվրասիական տնտեսական միության առջև Հայաստանի ստանձնած պարտավորություններին։

Ղարաբաղյան խնդրի մասին

Ցանկացած ժամանակ, երբ գալիս ենք Հայաստան, մենք քննարկում ենք նաև Ղարաբաղյան հակամարտության թեման։

«Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։ Մենք գնահատում ենք Դուշանբեում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո տոնի նշմարվող փոփոխությունը»,- նշեցին եվրոպացի պաշտոնյաները՝ կարևորելով նաև Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև քաղաքակիրթ շփումները։

«Պետք է ասեմ, որ ես ականատեսն եմ եղել երկու արտգործնախարարների միջև բավական քաղաքակիրթ շփմումներին Լյուքսեմբուրգում՝ Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ։ Սա ակնհայտորեն դրական տեղաշարժ է, և մենք ուրախ կլինենք աջակցելու դրան մեր՝ տարածաշրջանին աջակցության ընդհանուր շրջանակում»,- նշեց պարոն Մայր-Հարթինգը։

Կարեն Հարությունյան

Մեկնաբանել