Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները բացել են միջպետական ճանապարհը, իսկ գործարանի աշխատողներից կազմված տասը հոգանոց խումբը գալիս է Երևան` հանդիպելու փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարի հետ: Այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրեց Ալավերդու «Անկյուն + 3» հեռուստաընկերության լրագրող-խմբագիր Տաթևիկ Ճուղուրյանը:
Ալավերդու պղնձաձուլական գործարանն այսօրվանից տեխնիկապես չի աշխատում, գործարանի աշխատակիցները շուրջ երկու ժամ փակել էին Ալավերդու միջպետական ճանապարհը:
Գործարանը փակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրականացրած ստուգումներից հետո։
«600-ից ավելի մարդու սպառնում է գործազրկությունը: Այդ մարդիկ պահանջում են, որ գործարանը չփակվի ու գործազուրկ չմնան, անկախ նրանից, թե ով կլինի սեփականատերը»,- ՍիվիլՆեթին ասաց «Անկյուն + 3» հեռուստաընկերության լրագրող-խմբագիր Տաթևիկ Ճուղուրյանը:
Աշխատակիցները նման ցույց արել էին նաև հոկտեմբերի 11-ին և կառավարությանը ներկայացրել երեք պահանջ.
– թույլ տալ մինչև 6 անգամ գերազանցել արտանետումների՝ դեռ 2005 թ․ կառավարության սահմանած նորմերն ու դրա դիմաց տուգանքներ չկիրառել,
– ՎՏԲ բանկի հետ կնքված վարկային պայմանագրի երրորդ կողմ հանդիսացող կառավարությունը արգելափակի բանկի ոտնձգությունները «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության և «Վալլեքս» խմբի այլ ձեռնարկությունների առգրավման ուղղությամբ,
– օրենսդրական նախաձեռնությամբ աջակցել նոր պղնձաձուլարանի կառուցման հայ-չինական ներդրումային ծրագրին:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ կառավարությունը լուծումներ է փնտրում և հանդիպումներ են եղել «Վալլեքս» խմբի ղեկավարության հետ:
«Ցանկանում եմ ընդգծել, որ Ալավերդու պղնձաձուլարանի հետ կապված մենք լուծումներ ենք փնտրում և ամենօրյա կապի մեջ ենք «Վալլեքս» խմբի ղեկավարության հետ: Արդեն իսկ ունենք մի շարք առաջարկներ, որոնք նախատեսում ենք քննարկել երկուշաբթի օրը, երբ կկայանա փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հերթական հանդիպումը: Նշեմ, որ ավելի վաղ նախատեսվող հանդիպումը հետաձգվել է մինչ երկուշաբթի, քանի որ պարոն Մեջլումյանը բացակայում է Հայաստանից:
Բացի այդ՝ այսօր երեկոյան ընդունելու եմ Ալավերդու պղնձաձուլարանի մի խումբ աշխատակիցների՝ նրանց հուզող հիմնախնդիրները լսելու նպատակով»,- գրել է նա:
Ալավերդու պղնձաձուլարանի փակմանը անդրադարձել է նաև Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա հայտարարել է, որ Ալավերդու պղնձաձուլարանի փակումն անթույլատրելի է և հղի է լուրջ հետևանքներով: Շարմազանովը նամակով դիմել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
«Հայտնի է, որ Ալավերդի քաղաքը ստեղծվել է որպես պղնձաձուլական կենտրոն և առնվազն վերջին 2,5 հարուրամյակի ընթացքում եղել է մեր երկրի հանքարդույնաբերության կենտրոններից մեկը: Ալավերդու բնակիչների հիմնական մասի ապրուստը ուղղակիորեն կապված է եղել Ալավերդու պղնձաձուլական կոմբինատի հետ: Այսօր Ալավերդու պղնձաձուլական գործարանի մոտ 650 աշխատակիցփաստացի կանգնած է ընտանիքների հանապազօրյա հացը վաստակելու վտանգի առջև: Այսօրվանից տեխնիկապես չի աշխատում Ալավերդու պղնձաձուլական գործարանը»,-ասվում է նամակում:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ էր անցկացրել Ալավերդու պղնձաձուլարանում: Շրջակա միջավայրին պատճառված վնասի չափը կազմել է շուրջ 380 միլիոն դրամ, որը ներկայացվել է Վալլեքս խմբի «ԷՅ-ՍԻ-ՓԻ» ընկերությանը վճարելու համար: Գործարանի արտանետումները մինչև 15 անգամ գերազանցել են արտանետումների թույլատրելի սահմանը։
Ալինա Նիկողոսյան