Դիանա Գասպարյան. «Ներողություն եմ խնդրում հորս ասածների համար»

Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար և քաղաքապետի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից առաջադրված Դիանա Գասպարյանը կարծում է, որ քարոզարշավի ընթացքում իր դեմ «կեղտոտ քարոզչութուն է իրականացվել»։

Նա ասում է, որ ֆեյսբուքյան կեղծ օգտատերեր փորձում են արատավորել իր անունը։ Գասպարյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում անդրադարձել է նաև այն մեղադրանքներին, թե իր կողմից օգտագործվել է վարչական ռեսուրսը.

«Այն, որ պարոն Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շատ անդամներ եղել են իմ հանրահավաքին, դա եղել է բոլոր հանրահավաքներում, Երևանում ևս, բայց կարծես թե այլ քաղաքներում դա չի դիտարկվում վարչական ռեսուրսի օգտագործում, սակայն Էջմիածնում դա վարչական ռեսուրս է դիտարկվում»։

Հոկտեմբերի 19-ին համացանցում տարածվեց մի ձայնագրություն, ըստ որի՝ Դիանա Գասպարյանի հայրը սպառնում է բանտարկյալ Գևորգ Մանուկյանին.

«Պարոն Մանուկյանը պարբերաբար իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ես նախորդ իշխանության կամակատարն եմ, որ քաղբանտարկյալ դատող եմ, այնինչ ես աշխատել եմ դատարանում, բայց որպես դատավորի գործավար ու որոշումներ կայացնելու վրա ազդեցություն չեմ ունեցել։ Իմ հայրը հանդես է եկել որպես ծնող, որի դստեր վերաբերյալ կեղծիք են գրում։ Նրա նյարդերը տեղի են տվել, եղել է այն, ինչ եղել է։ Ես դատապարտում եմ նրա այդ արարքը և ներողություն եմ խնդրում Գևորգ Մանուկյանից կատարվածի համար»,- ասաց Դիանա Գասպարյանը։

Էջմիածնում քաղաքապետի ընտրությունները կլինեն հոկտեմբերի 21-ին, կա 12 թեկնածու։

Գևորգ Թոսունյան