Նիկոլ Փաշինյանը ժամանել է Լիբանան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Լիբանան:

Դիմավորման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Լիբանանի նախագահի նստավայր, որտեղ կայացել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և Լիբանանի նախագահի հանդիպումը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Լիբանանի նախագահ Միշել Աունին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ուրախ է այցելել եղբայրական երկիր` Լիբանան: «Շնորհակալ եմ ընդամենը մեկ շաբաթ առաջ Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին Ձեր մասնակցության և շատ բովանդակային ելույթով հանդես գալու համար: Մոտ մեկ ամիս առաջ էլ Նյու Յորքում առիթ ունեցանք մտքեր փոխանակելու Հայաստանի և Լիբանանի միջև բազմաբնույթ հարաբերությունների շուրջ: Այժմ ևս երկխոսության նոր հնարավորություն ունենք: 1991 թ. Հայաստանի անկախացումից հետո մեր երկրների հարաբերությունները, մեր ժողովուրդների դարավոր առնչությունները ձեռք են բերել նոր որակ, ինչը բնորոշ է երկու բարեկամ պետություններին և եղբայր ժողովուրդներին: Դա պետք է լավագույնս ծառայեցնենք մեր գործընկերության ամրապնդմանը, մեր ընդհանուր նպատակների իրականացմանը»,- ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Միշել Աունը ողջունել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի այցը Լիբանան` ընդգծելով, որ այն կնպաստի երկու երկրների ավանդական բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը: Լիբանանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը Երևանում բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:

Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի և Լիբանանի միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, որը պայմանավորված է պատմական բարեկամական կապերով և լիբանանահայ կենսունակ համայնքի դերակատարությամբ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Լիբանանի ժողովրդի սրտաբաց վերաբերմունքը ցեղասպանություն վերապրած մեր հայրենակիցների նկատմամբ.«Լիբանանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, և դա կարևոր է ոչ միայն պատմական հիշողության պահպանման, այլև նոր ցեղասպանությունների կանխարգելման համար»: Վարչապետի պաշտոնակատարը նաև ընդգծել է, որ Հայաստանը և հայ ժողովուրդն առանձնահատուկ վերաբերմունք է տածում բարեկամ Լիբանանի և նրա ժողովրդի նկատմամբ, ինչի խոսուն վկայությունն այն է, որ տարածաշրջանի երկրներից հենց Լիբանանում է գտնվում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը:

Իր հերթին Լիբանանի նախագահը բարձր է գնահատել լիբանանահայ համայնքի դերը երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական և մարզական կյանքում, ինչպես նաև երկու երկրների և ժողովուրդների բարեկամության սերտացման և համագործակցության զարգացման գործում:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման հնարավորություններին և կարևորել այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքը: «Պետք է այնպես անենք, որպեսզի երկկողմ տնտեսական կապերը համապատասխանեցնենք մեր երկրների միջև քաղաքական և մարդկային հարաբերությունների բարձր մակարդակին», – նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումները կոռուպցիայի դեմ պայքարի, հարկային և մաքսային ընթացակարգերի պարզեցման, նպաստավոր ներդրումային միջավայրի ձևավորման ուղղությամբ: Լիբանանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել երկու երկրների կառավարություններին համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման գործում:

Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցության, միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է Լիբանանի` «Մարդկային ակադեմիայի» հիմնելու նախաձեռնությունը, որի մասին նախագահ Աունը հայտարարել է 2017 թ. սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ նստաշրջանի ժամանակ: «Հայաստանը ողջունում է Լիբանանի` տարբեր քաղաքակրթությունների, կրոնների և ռասաների միջև երկխոսության կենտրոն դառնալու նախաձեռնությունը և պատրաստ է աջակցել դրան: Մենք վստահ ենք, որ տարբեր կրոնների և ազգությունների խաղաղ գոյակցությանը միտված Լիբանանի ջանքերն ու կուտակած փորձը կարող են ուսանելի լինել ոչ միայն առանձին երկրների, այլև ամբողջ տարածաշրջանների համար», – նշել է Նիկոլ Փաշինյանը և համոզմունք հայտնել, որ նախաձեռնությունը մեծ հետաքրքրություն կունենա նաև Հայաստանի ուսանողների շրջանում:

Լիբանանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետի պաշտոնակատարին` Լիբանանի հարավում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցության համար: Ընդգծելով, որ Հայաստանը հավատարիմ է իր միջազգային հանձնառություններին և կարևորում է մասնակցությունը Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության իրականացմանը` Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել ՄԱԿ-ի ԱԽ կողմից ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության մանդատը մեկ տարով երկարաձգելու կապակցությամբ:

Հանդիպման ավարտին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում:

Մեկնաբանել