Վրաստանում նախագահ են ընտրելու․ ովքե՞ր են պայքարում, ի՞նչ են խոսում հայերի ու Հայաստանի մասին

Նորո Գասպարյանը Ալիք Մեդիայի լրագրող։ Նախկինում նա եղել է Հայկական ժամանակ թերթի թղթակիցը։Հոկտեմբերի 28-ին Վրաստանում ընտրելու են նախագահ՝ վերջին անգամ համընդհանուր քվեարկությամբ։ Փոփոխված սահմանադրությամբ՝ հաջորդ նախագահն ընտրվելու է հինգ տարով՝ 300 հոգանոց կոլեգիայի կողմից, որը բաղկացած է լինելու խորհրդարանի 150 պատգամավորից և շրջանների ու տեղական ինքնակառավարման մարմինների 150 ներկայացուցչից։ Ինչ վերաբերում է նախագահի լիազորություններին՝ նա մնալու է պետության ղեկավարն ու գլխավոր հրամանատարը, սակայն նրա իշխանությունը զգալիորեն սահմանափակելու է որոշումների կայացման տեսանկյունից։ Բացառություն է լինելու ռազմական դրության հայտարարումը։

Վրաստանյան ընտրությունների շուրջ ՍիվիլՆեթը զրուցել է Վրաստանի հայալեզու «Ալիք Մեդիա»-ի լրագրող Նորիկ Գասպարյանի հետ։

– Վրաստանում Սահմանադրության փոփոխությունից հետո առաջին անգամ է անցկացվում նախագահական ընտրություն։ Հաշվի առնելով, որ Վրաստանը խորհրդարանական հանրապետություն է, որքանով են կարևոր այս ընտրությունները երկրի կյանքում։ Ի՞նչ կարող է փոխվել կախված ընտրությունների ելքից։

– Սահմանադրական փոփոխություններ եղել են նաև նախորդ նախագահական ընտրություններին ընդառաջ, երբ նախագահի լիազորությունները զգալիորեն կրճատվեցին: 2013 թվականին նախագահ ընտրվեց Գիորգի Մարգվելաշվիլին՝ «Վրացական երազանք»-ի աջակցությամբ: Սակայն Մարգվելաշվիլին չդարձավ «Վրացական երազանք»-ի ու անձամբ Բիձինա Իվանիշվիլիի հրամաններ կատարողը ու բավական անկախ նախագահեց, այնքան, որ իշխող կուսակցության անդամները նրան մեղադրում են ընդդիմության օրակարգով քաղաքականությամբ զբաղվելու մեջ: Այս անգամ նախագահի լիազորությունները էլ ավելի են կրճատվել:

Լիազորություններն այնքան են կրճատվել, որ օրինակ՝ թեկուզ Սահմանադրությունն ասում է, որ նախագահը երկրի գլխավոր գերագույն հրամանատարն է, բայց երկրում արտակարգ դրություն կամ պատերազմական վիճակ հայտարարելու իրավունք չունի: Դա արվելու է վարչապետի միջնորդությամբ: Հատանշական է նաև, որ սա վերջին անգամ է, երբ Վրաստանի քաղաքացիները նախագահ ընտրելու հնարավորություն ունեն: Այսուհետ նախագահին ընտրելու է 300 անձից կազմված ընտրական կոլեգիան: Այս ընտրությունների կարևորությունը նաև այն է, թե որքան աջակցություն կստանա իշխող կուսակցության թեկնածուն: Կարելի է սա համարել որոշակի քննություն խորհրդարանական հաջորդ ընտրությունների համար:

– Ո՞ր թեկնածուներն են ֆավորիտ համարվում և ինչպես են գնահատվում նրանց շանսերը։

– Հիմնականում, ըստ սոցհարցումների, առաջատարը «Վրացական երազանք»-ի աջակցությունն ունեցող Սալոմե Զուրաբիշվիլին է։ Բայցևայնպես, ընդդիմությանը և, մասնավորապես, «Միացյալ ազգային շարժում» կուսացությանը սատարող «Ռուսթավի 2» հեռուստաընկերության պատվերով արված հարցումների համաձայն՝ ֆավորիտը իրենց թեկնածու Գրիգոլ Վաշաձեն է: Առանձին էլեկտորատ ունի «Գիրչի» կուսակցության ղեկավար Զուրաբ Ջափարիձեն, սակայն այն սահմանափակվում է հիմնականում երիտասարդներով: Սա այն թեկնածուն է, որի դատական հայցերից հետո երկրում օրինականացվեց մարիխուանայի օգտագործումը:

Կարևոր ֆիգուր է համարվում նաև «Եվրոպական Վրաստան»-ի թեկնածու Դավիթ Բաքրաձեն: Վերջինս, ըստ IRI-ի կողմից արված հետազոտության համաձայն՝ Վրաստանում ամենաընդունելի քաղաքական գործիչն է: Չնայած ընտրությունների հանդեպ որոշակի նիհիլիզմ է հաստատվել, մարդիկ մտածում են, թե միևնույն է հաղթելու է Զուրաբիշվիլին: Սա թերևս հնարավոր է՝ պայմանավորված է նրանով, որ հիմնական խաղացողները որևէ լուրջ քաղաքական տեքստ չեն արտադրում և սահմանափակվում են միմյանց վարկաբեկելով:

– Իշխող «Վրացական երազանքը» աջակցում է անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին։ Ինչո՞ւ է իշխող կուսակցությունը կանգ առել Զուրաբիշվիլիի թեկնածության վրա: Ի՞նչ դեր ունի այս որոշումներում կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին։

– Թե ինչու հենց Զուրաբիշվիլին, չեմ կարող ասել: Սակայն վերջին ժամանակներում իշխող կուսակցությունում առկա առճակատումը դուրս էր երկել հանրային տարածք, ինչի հետևանքով երկրում վարչապետ ու կառավարության որոշ անդամներ փոխվեցին: Ակնհայտ էր, որ կուսակցությունում չեն կարողանում համաձայնություն գալ թեկնածուի վերաբերյալ, ու դա հանգեցրեց նրան, որ «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին վերադարձավ ակտիվ քաղաքականություն ու դարձավ կուսակցության ղեկավար:

Ինչ վերաբերում է Բիձինա Իվանիշվիլիի դերակատարությանը, ապա դժվար եմ պատկերացնում, որ կուսակցությունում որևէ լուրջ որոշում կայացվի առանց նրա համաձայնության, հատկապես այնպիսի կարևոր որոշում, ինչպիսին է նախագահի թեկնածու ընտրելը: Առավել ևս Իվանիշվիլին այս հարցում, կարծում եմ, ավելի զգուշավոր է, քանի որ մեկ անգամ արդեն սխալվել է նախագահաան նախորդ ընտրություններում: Նախագահ Մարգվելաշվիլին ոչ միայն չխաղաց Իվանիշվիլիի կանոններով, այլև ամբողջովին ընդդիմադիր կեցվածք ընդունեց: Նա ավելի քան երեք տասնյակ օրինագծերի վրա վետո դրեց, այդ թվում սահմանադրական փոփոխությունների վրա, որը, ի վերջո, ընդունվեց, քանի որ «Վրացական երազանքը» խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունի:

Թեկնածուների նախընտրական ծրագրերում և հրապարակային ելույթներում ի՞նչ տեղ է հատկացվում տարածաշրջանային հարցերին, այդ թվում Վրաստանի չլուծված հակամարտություններին։ Հայաստանի հետ հարաբերությունների հարցում ի՞նչ դիրքորոշումներ ու կարծիքներ կան ծրագրերում կամ նրանց հայտարարություններում։

– Առանձին տարածաշրջանին կամ արտաքին քաղաքականությանը որևէ լուրջ ուշադրություն չի հատկացվում: Դա միգուցե կապված է նաև նախագահի սահմանափակված իրավասությունների հետ: Առավել ևս Հայաստանին առանձին ոչ մեկ չի անդրադարձել: Թեկնածուները ավելի շատ զբաղված են միմյանց վարկաբեկելով: Դա հատկապես արտացոլվում է Զուրաբիշվիլիի և Վաշաձեի դեպքում: Նրանք միմյանց մեղադրում են ռուսական շահերը պաշտպանելու մեջ: Վաշաձեի թիմը մեծ ուշադրություն էր դարձնում նրան, որ Զուրաբիշվիլին հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ 2008 թվականի պատերազմը սկսել է Սաակաշվիլին: Իսկ Վաշաձեի նախընտրական պաստառների վրա կարմիր տառերով КГБ էին գրել, իսկ սոցցանցերում տարածվել էր Վաշաձեի՝ ռուսական հատուկ ծառայություններում աշխատելու վկայական, որը, ինչպես ավելի ուշ պարզվեց, կեղծ էր:

– Թեկնածուների ծրագրերում, ելույթներում ի՞նչ անդրադարձ կա Վրաստանի հայությանը, հայության խնդիրներին։

– Բավականին հետաքրքիր է վերաբերմունքը ազգային փոքրամասնությունների հանդեպ: Նախ, Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ նախագահի թեկնածուն (Զուրաբ Ջափարիձեն) հայերենով դիմեց Սամցխե-Ջավախքի հայ բնակչությանը, ինպես նաև ադրբեջաներենով՝ Քվեմո Քարթլիում բնակվող ադրբեջանցիներին: Նրա հիմնական ուղերձն էր, որ ի տարբերություն մյուս թեկնածուների, ինչպես ինքն է ասում՝ պոպուլիստական հայտարարությունների, ինքը չի խոստանում կենսաթոշակների բարձրացում և այլն, այլ միայն ազատություն է խոստանում:

Սամցխե Ջավախքում բնակչության հետ հանդիպման ժամանակ առանձին հայերի ու մասնավորապես ջավախքահայերի մասին է խոսել հենց Սալոմե Զուրաբիշվիլին: Խոսելով երկքաղաքացիության մասին նա ասել էր, որ եթե Սաակաշվիլին թուրքերին քաղաքացիություն էր տալիս իսկ հայերին ոչ, ապա իր ընտրվելու դեպքում Զուրաբիշվիլին խոստանում է լուծել այս խնդիրը: Ընդանրապես, ազգային փոքրամասնությունների վստահությանը փորձում են արժանանալ բոլոր այն թեկնածուները, ովքեր քիչ թե շատ հաղթելու շանս ունեն: Ջավախք էր այցելել ինչպես Զուրաբիշվիլին, այնպես էլ Գրիգոլ Վաշաձեն: Նա խոսել էր տեղացիների խնդիրների մասին ու ընդգծել, որ Վրաստանի բոլոր քաղաքացիները հավասար են՝ անկախ իրենց էթնիկ պատկանելիությունից, կրոնից և այլնից:

Բայց միևնույն ժամանակ ցավալի փաստ է այն, որ չնայած այս մարդկանց փորձերին ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջանները ու հատկապես Սամցխե-Ջավախքը բոլոր ընտրություններում քվեարկում է օրվա իշխանությունների օգտին:

Կարեն Հարությունյան

Կարդացե՛ք նաև՝

Վրաստանը կարող է առաջին անգամ կին նախագահ ունենալ

Մեկնաբանել