Մարաթոնյան վազք՝ նվիրված մայրաքաղաքի տոնին

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, նշվում է Երևանի 2800-ամյակը։ Մայրաքաղաքում «Երևան մարաթոն» խորագրի ներքո անցկացվել է առաջին լիարժեք մարաթոնյան վազքը՝ նվիրված մայրաքաղաքի օրվան:

Տարբեր տարիքային խմբերի բաժանված մրցակիցներն իրենց ուժերը փորձել են 5 մրցատարածություններում՝ 42,2կմ 21,1կմ, 11,5կմ, 5կմ և 1կմ: Ամենակարճ տարածությունը նախատեսված է եղել երեխաների համար: Մարաթոնին մասնակցել են ինչպես անհատներ, այնպես էլ տեղական և միջազգային տարբեր կազմակերպություններ, սպորտային ակումբներ: Առանձին վազք է կազմակերպվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Մասնակցության համար սահմանված վճարների հավաքված գումարի մեծ մասն ուղղվելու է բարեգործական նպատակների:

Կազմակերպիչների տեղեկացմամբ՝ մարաթոնին ընդհանուր առմամբ մասնակցել է շուրջ 2 500 պրոֆեսիոնալ և սիրողական վազորդ աշխարհի ավելի քան 30 երկրից:

Մեկնաբանել