Նախագահը չի ստորագրել Ազգային ժողովի ընդունած աղմկահարույց օրենքը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի ընդունած «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը, որը հարուցել էր հանրության բուռն զայրույթը և հանգեցրել զանգվածային բողոքի ցույցի։

Հանրապետության նախագահը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ սահմանադրական այդ օրենքը տարաբնույթ մեկնաբանությունների և քննարկումների տեղիք է տվել:

«Օրենքի վերաբերյալ փաստացի արձանագրվեց հանրության մի ստվար զանգվածի անհամաձայնությունը: Հավատարիմ իր մոտեցմանը՝ նախագահ Սարգսյանը հանձնարարեց իր աշխատակազմին ավելի խորն ուսումնասիրել տվյալ հարցի վերաբերյալ միջազգային փորձը, ինչպես նաև ներկայացված Օրենքի փոփոխությունները՝ իրենց հիմնավորմամբ:

Օրենքի փոփոխությունների, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի գործող խմբագրության վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունները վկայում են որոշակի առերևույթ սահմանադրա­իրավական խնդիրների մասին:

Հաշվի առնելով վերոգրյալը և նպատակ ունենալով ապահովել Սահմանադրության գերակայությունը՝ նախագահ Սարգսյանը որոշել է դիմել Սահմանադրական դատարան՝ ներկայացված օրենքը Սահմանադրության պահանջներին համապատասխանության հարցը որոշելու համար»։

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի փոփոխությունը վերաբերում է Ազգային ժողովի նիստերի կայանալուն։ Այն սահմանում է, որ եթե կա խոչընդոտ ԱԺ նիստը շարունակելու, ԱԺ նիստը պետք է ընդհատվի, ոչ թե համարվի չկայացած: Դրանով խորհրդարանում մեծամասնություն կազմող ուժերը տեսականորեն փորձում էին խոչընդոտ ստեղծել վարչապետի հրաժարականից հետո խորհրդարանական արտահերթ ընտրությունների տանելու գործընթացը։

Հոկտեմբերի 2-ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով տասնյակ հազարավոր քաղաքացիներ շրջապատեցին Ազգային ժողովի շենքը և իրենց ցասումն արտահայտեցին օրենքի դեմ։

Հոկտեմբերի 2-ի իրադարձությունների մասին կարդացե՛ք՝

Ինչ է պետք իմանալ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի փոփոխության մասին

Մեկնաբանել