Ֆրենսիս Ֆուկույաման կգլխավորի Թբիլիսիում ստեղծվելիք ժողովրդավարության կենտրոնը

Աշխարհահռչակ գիտնական, փիլիսոփա Ֆրենսիս Ֆուկույաման կգլխավորի Թբիլիսիում ստեղծվելիք ժողովրդավարության կենտրոնը, հաղորդում է ekhokavkaza.com կայքը՝ վկայակոչելով «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը։

Կենտրոնի աշխատանքն ուղղված կլինի տարածաշրջանում ինքնակալության և կոռուպցիայի դեմ պայքարին։

Նախօրեին Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Ֆուկույաման Թբլիլիսիում ներկայացրել է իր նոր գիրքը՝ «Ինքնություն» վերնագրով։ «Այդ գիրքը պոպուլիզմի աճի մասին է, որն իմ կարծիքով վտանգ է ներկայացնում աշխարհում ժողովրդավարական կարգերի համար։ Իմ գրքում քննարկվում են գլոբալ քաղաքականության հիմնական որոշակի սկզբունքները»,- ասել է գիտնականը։

Ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո Ֆուկույաման ասել էր, որ դա հուսադրում է, քանի որ մարդիկ ի վիճակի են միավորվել, նրանց դեռ կարելի է զայրացնել․

«Եվ ահա նրանց դուր չի եկել այն փաստը, որ [Սերժ] Սարգսյանը փորձում էր պահել իր իշխանությունը՝ արդեն հնարավորություն չունենալով լինել նախագահ տասը տարուց ավելի ըստ Սահմանադրության։ Մարդկանցից շատերին արդեն զզվեցրել են առաջնորդները, որոնք ցանկանում են իշխել ցմահ։ Այնպես որ, այդ առումով Հայաստանի իրադարձությունները ես գնահատում եմ շատ դրական»։

Ֆուկույաման նաև մտահոգություն էր հայտնել, որ Հայաստանի վրա շատ մեծ է Ռուսաստանի ազդեցությունը․

«Ռուսաստանին միանգամայն ձեռնտու է հին համակարգը, և Հայաստանում իրադարձությունները նրան հուսահատեցնում են։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ Ռուսաստանը բոլոր ջանքերը կներդնի, որպեսզի անկախ տեղի ունեցող զարգացումներից՝ Հայաստանին թույլ չտա դուրս գալ իր ազդեցության գոտուց, ինչը տեղի ունեցավ Վրաստանի և Ուկրաինիայի դեպքում։ Ինձ մտահոգում է Հայաստանի հետ սպասվող առճակատումը»։

Ֆուկույաման հայտնի է դարձել 1990-ականների սկզբին իր հիմնարար՝ «Պատմության ավարտը և վերջին մարդը» (The End of History and the Last Man) աշխատությամբ, որտեղ հիմնավորում է, որ հասարակական-քաղաքական բոլոր ֆորմացիաների վերջնակետը լիբերալ-դեմոկրատիան է։ 

Կարդացե՛ք նաև՝

Ֆրենսիս Ֆուկույաման՝ հայկական հեղափոխության մասին

Ֆրենսիս Ֆուկույամա․ Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկը վերաբերում է պետության որակին