Երկվորյակների մայրը ցանկանում է վերադարձնել երեխաներին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն այսօր, հոկտեմբերի 24-ին հանդիպել է Գյումրու երեխաների տանը գտնվող երկվորյակների մայրիկի հետ, այս մասին հաղորդում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Նախարարությունը տեղեկացնում է, որ երեխաներին մանկատանը թողած մայրը գիտակցելով, որ սխալ որոշում է կայացրել` ցանկանում է ետ վերադարձնել իր փոքրիկներին։

Ներկայումս երկվորյակների որդեգրման գործընթացը կանգնեցված է երկամսյա ժամկետով։

«Հանդիպման ընթացքում Մանե Թանդիլյանի և մայրիկի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ երկամսյա ժամկետում նա կանի իրենից կախված առավելագույնն՝ իր սոցիալական կարգավիճակը բարելավելու և երեխաներին իր հոգածության տակ վերադարձնելու նպատակով։

Միևնույն ժամանակ արդեն իսկ մշակվել է ճանապարհային քարտեզ մայրիկին անհրաժեշտ և համապարփակ սոցիալական աջակցություն տրամադրելու համար։

Բոլոր այն քաղաքացիներն, ովքեր մտահոգված էին և շարունակում են մտահոգվել փոքրիկների և իրենց մայրիկի ճակատագրով, սոցիալական աջակցության իրենց առարկայական առաջարկները կարող են ուղարկել նախարարության ֆեյսբուքյան էջին»,- ասվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել