Բոլթոնի հետ բանակցություններն անցան խիստ դրական մթնոլորտում․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ուրախ եմ հյուրընկալել նման բարձր մակարդակի պատվիրակության, ինչը պատմական է Հայաստանի համար: Շատ կարևոր է ԱՄՆ-ի հետ ունենալ բարձր մակարդակի շփումներ, և մեր կառավարությունը կարևորում է հայ-ամերիկյան ակտիվ երկխոսությունն ու սերտ փոխգործակցությունը»:

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին և նշել, որ այժմ մեր երկիրն ապրում է պատմական ժամանակաշրջան: «Սիրո և համերաշխության ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում տեղի ունեցող գործընթացները հիմնված են բացառապես ժողովրդավարական արժեքների վրա: Այժմ մենք աշխատում ենք, որպեսզի ստեղծենք և ամրապնդենք կայուն ու ինստիտուցիոնալ ժողովրդավարական պետություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով մեր երկրում ժողովրդավարության զարգացումը, թափանցիկ կառավարաման համակարգի, անկախ դատական համակարգի ամրապնդումը միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը շեշտել է, որ Հայաստանը հաստատակամ առաջ է շարժվում ժողովրդավարության զարգացման ճանապարհով, որը մեր հասարակության համար ներքին համոզմունք է և արժեք:

Ջոն Բոլթոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Նիկոլ Փաշինյանին փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջերմ ողջույնները: ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը նշել է, որ Հայաստանի համար պատմական նշանակություն ունեցող այս ժամանակաշրջանում իրենք կարևորում են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումն ու խորացումը: «Ուրախ եմ Ձեզ հետ քննարկել հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող երկկողմ ու տարածաշրջանային հարցերի լայն շրջանակը: Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանում խաղաղ ժողովրդավարական անցումը հաջողությամբ առաջնորդելու համար: Միացյալ Նահանգներն աջակցում է նոր կառավարության ջանքերին՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգի թափանցիկության աստիճանի բարձրացմանը և քաղաքացիների առաջ կառավարության հաշվետվողականության մեծացմանն այնպիսի ուղիներով, որոնք կհանգեցնեն ժողովրդավարության, իրավունքի գերակայության և տարածաշրջանային կայունության ամրապնդմանը»,- ասել է Ջոն Բոլթոնը:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես, կողմերն անդադարձել են մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, տնտեսության, արդարադատության համակարգի, քաղաքացիական հասարակության զարգացման ուղղություններով համագործակցության ընդլայնմանը և կարևորել երկկողմ փոխգործակցությանը նոր թափ հաղորդելուն միտված հետևողական քայլերի իրականացումը: Այդ առումով, Նիկոլ Փաշինյանը և Ջոն Բոլթոնը ընդգծել են նման բարձր մակարդակի փոխայցելություններն ավելի հաճախակի դարձնելու անհրաժեշտությունը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը և ԱՄՆ նախագահի խորհրդականը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ: Երկուստեք կարևորվել է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում և բանակցային գործընթացի համար համապատասխան մթնոլորտի ձևավորումը:

Կողմերը քննարկել են նաև միջազգային ասպարեզում, այդ թվում՝ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող մի շարք այլ հարցեր:

Ֆեյսբուքյան իր էջում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գրել է, որ Բոլթոնի հետ բանակցություններն անցել են «խիստ դրական մթնոլորտում»։

Այսօր Անվտանգության խորհրդի գրասենյակում Ջոն Բոլթոնի հետ հանդիպել են ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ու արտաքին գործերի նախարար պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստան է ժամանել Ադրբեջանից, որտեղ հանդիպումներ է ունեցել այդ երկրի բարձրագույն ղեկավարության հետ։ Բոլթոնը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է խաղաղ ճանապարհով կարգավորվի, և հիմնախնդրի լուծումը «կարող է նպաստել խաղաղության հաստատմանը ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում»։

Մեկնաբանել