Թրամփի խորհրդականը չի բացառել զենքի վաճառքը Հայաստանին, Ադրբեջանին

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը չի բացառել, որ Միացյալ Նահանգները կարող է վերացնել Հայաստանին [և Ադրբեջանին] զենքի վաճառքի արգելքը։

«Ազատություն» ռադիոկայանի Հրայր Թամրազյանի հետ զրույցում Բոլթոնը ակնարկել է, որ Հայաստանն անվտանգության առումով այլընտրանքներ ունի Ռուսաստանին։

Հարցին, որ անվտանգության առումով Ռուսաստանը մեծ խաղացող է, որո՞նք են տարածաշրջանի երկրների համար այլընտրանքները՝ ՆԱՏՕ-ի անդամակցությո՞ւնը, է, ՆԱՏՕ-ի հետ ավելի սերտ հարաբերություննե՞րը, թե՞ ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցությունը, Բոլթոնը պատասխանել է․

«Կարծում եմ՝ կան շատ այլ այլընտրանքներ, այդ թվում զենքի վաճառքի բնագավառում։ Ունենք Կոնգրեսի կողմից հաստատած սահմանափակումներ՝ կապված Ադրբեջանին և Հայաստանին զենքի վաճառքի արգելքի հետ»։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով Միացյալ Նահանգների Կոնգրեսը արգելել է ամերիկյան զենքի վաճառքը Հայաստանին և Ադրբեջանին։ ԱՄՆ Ազատության աջակցման ակտի 907 բանաձևն էլ արգելում է ամերիկյան կառավարական օգնության հատկացումը Ադրբեջանին։

Ընդունելով, որ Ղարաբաղյան հակամարտության պատճառով ԱՄՆ-ը զենք չի վաճառում Հայաստանին ու Ադրբեջանին, Բոլթոնն ասել․

«Բայց կան բացառություններ։ Եվ ինչպես ասացի վարչապետին [Նիկոլ Փաշինյան]՝ եթե խնդիրն այն է, որ ընտրություն պետք է կատարես ռուսական և ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու միջև, մենք կնախընտրեինք վերջին տարբերակը։ Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը: Կարծում եմ, որ այն ավելացնում է Հայաստանի հնարավորությունները, երբ այն ամբողջովին կախված չէ մեկ գերտերությունից։ Ես հասկանում եմ աշխարհագրական դիրքի և պատմական իրողությունների հետ կապված հարցերը, բայց կարծում եմ՝ ժամանակն է լավատես լինելու, որ Հայաստանը կարող է ավելի տեսանելի լինել համաշխարհային ասպարեզում: ԱՄՆ-ը Հարավային Կովկասը ռազմավարական առումով շատ կարևոր տարածաշրջան է համարում է։ Այնպես որ, Հայաստանի հետ հարաբերությունների բարելավելը շատ բարձր առաջնահերթություն է [Թրամփի] վարչակազմի համար»։

Ջոն Բոլթոնը տարածաշրջանային այցով Բաքվից ժամանել է Երևան։ Արդեն հանդիպել է Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի, անվտանգության խորհրդի քարտուղարի, արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչության ղեկավարների հետ։

Թամրազյանը հարցրել է, թե ինչ կարծիք ունի Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության մասին․ «Արդյո՞ք այն ապագա ունի։ Մենք գիտենք, որ Ռուսաստանը հսկայական ազդեցություն ունի այս տարածաշրջանում, և կան որոշակի մտահոգություններ՝ կապված տարածաշրջանի երկրների, այդ թվում Հայաստանի, Վրաստանի և այլ պետությունների ինքնիշխանության հետ»։

«Կարծում եմ, որ առավել կայուն ժողովրդավարություն ունեցող պետության համար հեռանկարը այստեղ հրաշալի է։ Կարծում եմ՝ դա իսկապես ֆունդամենտալ հարց է Հայաստանի համար, որ այն լիիրավ օգտագործի իր ինքնիշխանությունը և կախված չլինի կամ չենթարկվի արտաքին ազդեցության: Կարծում եմ՝ ժողովրդի համար առավել նախընտրելի է ունենալ լայն հնարավորություններ միջազգային ասպարեզում և չկաշկանդվել պատմական կաղապարներով։ Այնպես որ ԱՄՆ-ի տեսանկյունից որքան ավելի ուժեղ է ժողովրդավարությունը, այդքան ավելի մեծ է հնարավորությունը շփվելու Միացյալ Նահանգների և նույն արժեքները կրող այլ երկրների հետ»,- պատասխանել է Բոլթոնը։

Կարդացե՛ք նաև՝

Հայաստանի համար դրսի ճնշող ազդեցությունը կրճատելու ամենահստակ ճանապարհը ԼՂ հարցի լուծումն է․ Բոլթոն

ԱՄՆ-ը, Թրամփի վարչակազմը Հայաստանի հետ հարաբերությունները որպես բարձր առաջնահերթություն են դիտարկում. Բոլթոն

Բոլթոնի հետ բանակցություններն անցան խիստ դրական մթնոլորտում․ Նիկոլ Փաշինյան

Ռուբեն Շուգարյանը՝ Ջոն Բոլթոնի այցի մասին․ հարցազրույց

Մեկնաբանել