Ինչու է սահմանափակվում պաշտոնյաների մասնակցությունը բուհերի կառավարմանը

Հայաստանի կառավարությունը մտադիր է սահմանափակել բուհերի կառավարմանը պետական պաշտոնյաների մասնակցությունը։ Նախատեսվում է փոփոխել Բարձրագույն կրթության մասին օրենքը։

Տարիներ շարունակ հայաստանյան բուհերի կառավարման խորհուրդները կազմված են եղել օրվա իշխանությունների ներկայացուցիչներից։ Այսպես՝ հանրապետության նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն էր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը՝ Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտինը, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանինը, Արմեն Աշոտյանը՝ Բժշկական համալսարանինը, իսկ Հովիկ Աբրահամյանը՝ Տնտեսագիտական համալսարանինը։ Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո սկսել են քննարկել բուհերի խորհուրդներում պաշտոնյաների ընդգրկվածությունը սահմանափակելու հարցը։

Կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն ասում է՝ արդեն որոշ խորհուրդների կազմերում փոփոխություններ արել են։ «Մեզ համար ընդհանրապես կարևոր չէ կուսակցական սկզբունքը, ընդհակառակը՝ մենք փորձում ենք բարձրաստիճան պաշտոնյաների՝ նախարարներ, փոխվարչապետեր չընդգրկել բուհերի խորհուրդներում։ Նայեք Ագրարային համալսարանի խորհրդի կազմը, կտեսնեք, որ կուսակցական պատկանելությունը բացարձակապես դեր չի ունեցել»,- ասում է կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը:

Ներկայում, ըստ էության, բուհական կառավարման խորհուրդների 50 տոկոսը նշանակվում է կառավարության կողմից։ Հովհաննիսյանի խոսքով՝ նախնական քննարկումներ կան այս շեմը 20-30 տոկոս իջեցնելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, ըստ փոխնախարարի, ամերիկյան ու եվրոպական բուհերի կառավարման խորհուրդներում ընդգրկված են ճանաչված գործատուներ ու հեղինակավոր այլ գործիչներ, որոնք կարող են բուհին օգուտ բերել։ Ընդգրկված են նաև մարդիկ, որոնց անունը բուհին կարող է պատիվ բերել։

«Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն ասում է՝ մտավախություն չկա, որ արդեն կառավարող դարձած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բուհական խորհուրդներում կարող է հեգեմոնիա ստեղծել։ «Բայց մեզ մոտ հարց է առաջանում՝ այն մարդիկ, որ նշանակվում կամ առաջարկվում են կառավարության կողմից, որքանո՞վ են նրանք կոմպետենտ որոշումներ կայացնելու համար։ Մենք գիտենք, որ դեպքեր են եղել, երբ համալսարանի ֆինանսական հաշվետվությունը ուղարկել են խորհրդի անդամի տուն, որ ստորագրվի։ Նրանք չեն տիրապետել այդ ինֆորմացիային»,- ասում է Պետրոսյանը։

Բուհական բոլոր խորհուրդներն ունեն երեսուներկու անդամ։ Այստեղ ընդամենը ութն են կամ ¼-ն է միայն ուսանող։ Դավիթ Պետրոսյանը հարց է բարձրացնում՝ ինչքանո՞վ է նպատակահարմար, որ այդ ութ ուսանողները ներկայացնեն մեկ ուսանողական կառույց՝ ուսանողական խորհուրդները։

Պետրոսյանը կարծիք է հայտնում, որ նոր իշխանությունները չեն գնա այն ճանապարհով, ինչով գնացել է ՀՀԿ-ն։ Նա կարծում է, որ բուհերը ոչ թե պետք է ապաքաղաքականացնել, այլ պետք է վերջ տալ մեկ կուսակցության քարոզչությանը, որը ԵՊՀ-ում ապահովել են ուսանողական խորհուրդները։

Փոխնախարար Հովհաննիսյանը նշում է՝ եղել է կարգ, ըստ որի՝ ուսանողական խորհուրդներն իրենց կանոնադրությունները պիտի համաձայնեցնեին կրթության և գիտության նախարարության հետ. «Ընդամենը մեկ կամ երկու խորհուրդներ են, որ հետևել են այդ կարգին։ ԵՊՀ-ն չի հետևել այդ կարգին։ Գումարած՝ երեք տարին մեկ ուսանողական խորհուրդները պետք է ընդհանուր ժողով գումարեին, որը չեն արել»։

Դավիթ Պետրոսյանը ևս շեշտում է այս հարցն ու ասում՝ ուսանողական խորհուրդները գործել են ապօրինի․ «Ուսանողական խորհուրդները իրավական ոչ մի կարգավիճակ չունեն։ Նրանք ապօրինի են գործել։ Օրինակ՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը տարեկան ստանում է 8,5 միլիոն դրամ բյուջե է, կարգավիճակ չունի։ Թե ում է հաշվետու, ինչպես է հաշվետու, դա գոյություն չունի»։

Հովհաննես Հովհաննիսյանը վստահեցնում է՝ քաղաքական կամքի առկայությունը թույլ կտա համալսարանները հետ պահել քաղաքական քարոզչության կենտրոն դառնալուց։ «Մի քանի ամսվա ընթացքում քաղաքական կամքի առկայության պարագայում դպրոցները բացարձակապես չխառնվեցին ընտրությունների գործընթացին։ Չնայած՝ զանգում էին ինձ որոշ տնօրեններ ու հարցնում՝ ի՞նչ պետք է անենք հանրահավաքների օրերին, ինչո՞ւ մեզ չեք հրահանգում։ Ես ասում էի, որ հրահանգներ հետայսու չեն լինելու։ Բոլորը միաբերան նշում են, որ հիմա գործելու ավելի մեծ ազատություն են ստացել»։

Մկրտիչ Կարապետյան

Լուսանկարում՝ ՀՀ նախկին նախագահ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը և ԵՊՀ ռեկտոր Արամ Սարգսյանը (Ֆոտոլուր)

Մեկնաբանել