Երևանի քաղաքապետը ներկայացրել է վարչական շրջանների նոր ղեկավարներին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր այցելել է Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններ ու աշխատակազմերին ներկայացրել այդ վարչական շրջանների նորանշանակ ղեկավարներին՝ Հայկ Մհրյանին, Արամ Դանիելյանին, Միքայել Թումասյանին և Դավիթ Կարապետյանին:

«Ինձ համար չկա ոչ մի տարբերություն վարչական շրջանների միջև: Ես հենց սկզբից հայտարարել եմ, որ Երևանը միայն կենտրոնը չի, մեր մոտեցումը մնում է նույնը: Բոլոր վարչական շրջանները պետք է զուգահեռ զարգանան, բոլոր վարչական շրջանների բնակիչները պետք է իմանան, որ իրենք բոլորն էլ ուշադրության կենտրոնում են»,- Մալաթիա-Սեբաստիայում հանդիպման ժամանակ ընդգծել է քաղաքապետը:

Արաբկիրում, մասնավորապես, հայտարարել է, որ «պետք է անեն այնպես, որ բնակիչները ոչ միայն պահանջատեր լինեն, այլ նաև մասնակից դառնան բոլոր գործընթացներին»։

Դավթաշենում Մարությանը խոսել է ապօրինի շինարարության մասին՝ ասելով, որ այսուհետ ընդհանրապես թույլ չեն տալու այն։

«Սա չի նշանակում, որ քաղաքը չի զարգանալու, սա չի նշանակում, որ քաղաքն առաջ չի գնալու: Ծավալվելու է նոր շինարարություն, բայց այն անխտիր պետք է համապատասխանի կոնկրետ նորմերին և լինի օրինական»,- նշել է Երևանի քաղաքապետը։

Լուսանկարում՝ Հայկ Մարությանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացնում նորանշանակ ղեկավար Դավիթ Կարապետյանին

Մեկնաբանել