Աշոտյանը պնդում է՝ «որևէ համաձայնություն տարածքների վերադարձի մասով երբևէ ձեռք չի բերվել»

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքում գրել է, որ Հայաստանը բանակցային գործընթացում «մշտապես առաջ է մղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության խնդիրները», «որևէ համաձայնություն տարածքների վերադարձի մասով երբևէ ձեռք չի բերվել»:

«Ռուս քաղաքագետ, հակահայկական դիրքորոշումներով հայտնի տխրահռչակ Ալեքսանդր Դուգինի հերթական զեղումներին չէի անդրադառնա, եթե նրանք տեղ չգտնեին նաև հայկական մամուլում:

Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը, հավատարիմ լինելով ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների ձևաչափին, բանակցային գործընթացում մշտապես առաջ է մղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության խնդիրները:

Որևէ համաձայնություն տարածքների վերադարձի մասով երբևէ ձեռք չի բերվել, իսկ խնդրի հանգուցալուծումը դիտվել է բացառապես ամբողջական կարգավորման և երկարաժամկետ խաղաղություն ապահովելու գերակայություններից:

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի նրա բնակչության կողմից՝ միջազգային իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով. սա է մեր իշխանության օրոք Մինսկի խմբի համանախագահների վերջին տարիների բոլոր փաստաթղթերում տեղ գտած հիմնարար մոտեցումը:

Նույն հոդվածում Դուգինը Հայաստանին և Արցախին մեղադրում է “էտնիկ զտումներ” իրականացնելու մեջ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ամբողջ հոդվածի հիմնական նպատակն է, արդարացնելով ադրբեջանական ֆինանսավորումը, հերթական տեղեկատվական սադրանքը նախաձեռնելն է»,- գրել է Աշոտյանը:

***

2016թ․ նոյեմբերին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ռուս հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովի հետ զրույցում մանրամասներ էր ներկայացրել ղարաբաղյան կարգավորման գործընթացի մասին: Նա մասնավորապես ասել էր․ «2008թ․ խորհրդարանական ընտրություններից հետո մենք հավաքվեցինք Մոսկվայում, և Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ բանակցություններ վարեցինք Մայնդորֆում, ստորագրեցինք փաստաթուղթ, համաձայն որի՝ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միայն քաղաքական ճանապարհով: Դրանից հետո բանակցային գործընթացը շարունակվեց, և մենք մի քանի անգամ մոտ էինք փաստաթուղթ ստորագրելուն, որտեղ այդ երեք սկբունքները հստակ արտացոլված էին: Այսինքն՝ հայկական կողմը, հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք այսօր զբաղեցված են՝ որպես անվտանգության գոտի: Այսինքն՝ այն տարածքները, որոնք ադրբեջանցիները համարում են գրավյալ՝ 7 ադրբեջանական շրջաններ: Մենք թողնում ենք այդ տարածքները և հեռանում: Այսինքն՝ դա տարածքային ամբողջականության սկզբունքն է: Առաջին կետում հստակ գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական, իրավական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտման միջոցով: Հետո գրված էր՝ ովքեր են մասնակցում»։

Կարդացե՛ք

Սերժ Սարգսյանի «ադրբեջանական 7 շրջաններ»-ից 7-ը դուրս են թողել․ Թաթուլ Հակոբյան