Լավրովը ԼՂ հարցով «լրջորեն» զբաղվելը կապել է ներհայաստանյան «բուռն գործընթացների ավարտի» հետ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ձևաչափի փոփոխությունը հնարավոր է միայն երկու կողմերի՝ Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնության դեպքում․ այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպումից հետո։

«Սա մի հարց է, որը պետք է լուծեն հակամարտության կողմերը։ Անշուշտ, ելնում ենք նրանից, որ Երևանն իր բանակցային դիրքրոշումներում հաշվի է առնում Ղարաբաղի մոտեցումները, սակայն ներկայիս երկկողմ ձևաչափը փոխելու համար անհրաժեշտ է երկու կողմերի համաձայնությունը։ Որքանով տեղյակ ենք՝ նման համաձայնություն չկա»,- ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ չարժե «նախապայմաններ առաջ քաշել ղարաբաղյան հակամարտության էական հարցը դիտարկելուց առաջ»։

Նա նշել է՝ Մոսկվայում ողջունում են պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել սեպտեմբերին ԱՊՀ գագաթաժողովի շրջանակում՝ Դուշանբեում, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև։

«Մենք ողջունում ենք նման պայմանավորվածությունը, թեև հասկանում ենք, որ քանի դեռ Հայաստանում բավական բուռն ներքաղաքական գործընթացներ են, դժվար թե հնարավոր կլինի լրջորեն դիտարկել այս ճգնաժամից դուրս գալու և ղարաբաղյան հակամարտության լիարժեք կարգավորման ապահովման կոնկրետ տարբերակներ»,- նշել է Լավրովը։

Կարդացե՛ք՝

«Ալիևի հետ հաստատված է հուսալի օպերատիվ կապ». Նիկոլ Փաշինյան

Մեկնաբանել