Իրավիճակը քիչ թե շատ կայունացել է, կողմերը երկխոսելու սկզբունքային ցանկություն ունեն․ Պոպով

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանին իրավիճակը «քիչ թե շատ կայունացել է», կարծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը։

«Այսօր ավարտին է մոտենում մեր այցը, մենք եղել ենք Երևանում, Լեռնային Ղարաբաղում, այժմ Բաքվում ենք։ Հանդիպումներ ենք ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի, Ադրբեջանի նախագահի և երկու երկրների նախարարների հետ։ Շուտով հանդիպելու ենք Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Ուշադրության կենտրոնում են ղարաբաղյան գործընթացի ընթացքի հետ կապված հարցերը։ Մենք, մասնավորապես, քննարկել ենք զրույցները, որոնք տեղի են ունեցել երկու երկրների ղեկավարների միջև Դուշանբեում, այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել և ներկայում իրագործվում են։ Նկատի ունեմ իրավիճակը շփման գծում, սահմանին, որը քիչ թե շատ կայունացել է, խոսվել է օպերատիվ կապի մասին, որը հաստատվել է Երևանի ու Բաքվի միջև»,- լրագրողներին ասել է Պոպովը։

Ռուսաստանցի միջնորդը նաև հայտնել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը բարձր մակարդակով երկխոսությունը շարունակելու սկզբունքային ցանկություն են հայտնել։ Համանախագահները հույս ունեն, որ գալիք ամսվա ընթացքում տեղի կունենա երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն հակամարտության կարգավորման առանցքային հարցերն ու վստահության ամրապնդման միջոցները։

Լավրովը ԼՂ հարցով «լրջորեն» զբաղվելը կապել է ներհայաստանյան «բուռն գործընթացների ավարտի» հետ

Մեկնաբանել