Մարտի 1-ի գործը. ի՞նչ կապ ունեն պարկուճները սպանությունների հետ

Դատարանը նոյեմբերի 2-ին որոշեց երկու ամսով կալանավորել Մարտի 1-ի քրեական գործով նախկին քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին։ Հատուկ քննչական ծառայությունը օրերս նրան մեղադրանք է առաջադրել դիտավորությամբ ապացույցներ կեղծելու համար և նրա հանդեպ հետախուզում հայտարարել։ Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը վստահեցնում է, որ որոշումը ապօրինի է:

«Հոկտեմբերի 30-ին հարցաքննության հրավիրելու օրն արդեն իսկ կայացված է եղել որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը, արդեն իսկ կայացված է եղել հետախուզում հայտարարելու որոշումը, արդեն իսկ խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Հոկտեմբերի 31-ին, երբ քննիչը զրուցել է Վահագն Հարությունյանի հետ, զրուցել է՝ որպես վկայի հետ ու որևէ անգամ չի հայտնել, որ նա մեղադրյալ է արդեն։ Այս ամենը վկայում է այն մասին, որ էդ հետախուզում հայտարարելն էլ հստակ մի նպատակ է հետապնդել՝ հետագայում բերեն ու ցույց տան դատարանի առջև, որ Վահագն Հարությունյանը թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից»,- ասում է Միհրան Պողոսյանը։

Հոկտեմբերի 31-ին ՀՔԾ-ն հայտարարություն տարածեց Մարտի 1-ի գործով նոր բացայատման վերաբերյալ։ Ըստ հաղորդագրության՝ Վահագն Հարությունյանը հայտնաբերել է, որ 2008թ․ մարտի 1-2-ի իրադարձություններին մասնակցել են զինծառայողներ, որոնք զենք են օգտագործել: Այս փաստը կործկելու համար նա հրահանգել է դեպքի վայրից վերցրված 1000 պարկուճները փոխարինել: Որից հետո ոստիկանության զորքերի որոշ ծառայողներ գյուղերից մեկում գտնվող մարտական կրակային դաշտում կրակել են պահանջվող քանակությամբ փամփուշտներ և դրանք տրամադրել քննիչներին, փորձագետն էլ հաստատել է այդ ապացույցները։

Վահագն Հարությունյանը համաձայն չէ այս մեղադրանքի հետ։ Նրա պաշտպանը փոխանցում է, որ մեղադրանքը փաստական հիմքեր չունի. «Դա ամբողջությամբ մեղադրանքը չի, և մենք զրկված ենք այն հասկանալու և դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից։ Մարտի 1-ի տասը զոհերի հետ կապված այս մեղադրանքը որևէ առնչություն չունի։ Այսինքն ի՞նչ է անում ՀՔԾ-ն՝ կիսատ հրապարակում է մեղադրանքը, հասարական տպավորություն է ստեղծում, թե գործը մարտի 1-ի տասը զոհերի հետ առնչություն ունի և ապահովում էմոցիոնալ ֆոնը»։

Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը հիշեցնում է, որ սպանությունների գործերը այդպես էլ տասը տարվա ընթացքում չբացահայտվեցին, մինչդեռ Վահագն Հարությունյանի ղեկավարությամբ քննիչները քսան օրվա ընթացքում հասցրին ցուցարարների դեմ գործեր հարուցել ու ուղարկել դատարաններ։

«Դեռ 2008-2009 թթ. ինքը գիտեր, որ հանցավոր արարք է թույլ տալիս, իր գործառույթներով չի զբաղված և զբաղված է քաղաքական պատվերը իրավական դաշտում ապահովելու գործառույթով։ Այսօրվա ձախողումների մեղքը հիմնականում իր և իր ղեկավարների վրա է, նույն Աղվան Հովսեփյանը կարողացան մարտի 1 [գործի բացահայտում] ձախողել»,- ասում է Սեդա Սաֆարյանը։

Ըստ նրա՝ սպանության գործերով Վահագն Հարությունյանը միտումնավոր ձախողել է քննությունը։ Սաֆարյանը պարկուճների փոխարինման գործընթացի և սպանությունների միջև ուղիղ կապ է տեսնում։

«Եթե պարկուճները փոխում են, իրավիճակը լրիվ փոխվում է։ Հանցագործությունների դեմքը, կատարող անձանց շրջանակը,- ամեն ինչ փոխվում է։ Վահագն Հարությունյանը դիտավորյալ դա արել է քրեական գործի ձախողման համար։ Այո, կարող էր պարկուճների ու փորձաքննությունների միջոցով հիմնավորվել, թե որ կառույցի ներկայացուցչի միջոցով է կրակվել։ Զենքերի համարը և մնացյալը կարող էին ուղիղ տանել ու ցույց տալ, թե ովքեր են արել սպանությունները»,- վստահեցնում է Սեդա Սաֆարյանը։

Փաստահավաք խմբին 2009-ին տրամադրել էին փաստաթղթեր։ Դրանց հիման վրա կազմված զեկույցը վկայում էր, որ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ապօրինի զինված խմբեր են եղել։ Սեդա Սաֆարյանը պնդում է՝ քննիչները այս հանգամանքների վրա ևս աչք են փակել։

«Մեր պաշտպանյալները պատմում էին, որ 6-րդ վարչությունում միացրած հեռուստացույցներով նայում էին այդ տեսանյութերն, ու շատերը երևացել էին այդ տեսանյութերով։ Հիմնականում ոչ թե հանցագործություն կատարած կամ ապօրինի զինված խմբերի անդամներին են բերել 6-րդ վարչություն, այլ ում դեմքը տեսա հանրահավաքի մասնակիցներից։ Ես ուզում եմ ասել, որ ի սկզբանե կանխորոշված է եղել, որ սպանությունները գործերը չպետք է բացահայտվեն, որ այդ սպանությունները պատահական սպանություններ չեն, և կատարողներն էլ պատահական մարդիկ չեն»։

Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը պնդում է, որ իր պաշտպանյալը չի թաքնվում իրավապահներից։ Նա պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը։

«Երբ որ հրապարակվում է, որ որպես մեղադրյալ է ներգրավվում Վահագն Հարությունյանը, հայտնվում են մարդիկ, որ ասում են, թե ուղորդում է տեղի ունեցել և այլն։ Այս ամենը խոսում է այն մասին, որ այս ամեն ինչը հիմա է, ինչ-որ մի կենտրոնից ուղղորդված է»,- ասում է փաստաբանը։

2008-ի մարտի մեկի վաղ առավոտյան ոստիկանները Ազատության հրապարակում հարձակվեցին և ցրեցին ցուցարարներին։ Նույն օրը ավելի ուշ բախումերի արդյունքում տասը հոգի զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել