Ադրբեջանը հայկական կողմին առաջարկել է փոխանակել բոլոր գերիներին և ձերբակալվածներին

Բաքուն Երևանին առաջարկել է փոխանակել երկու կողմում գտնվող գերիներին և ձերբակալված անձանց՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, Երևանն առայժմ չի արձագանքել առաջարկին: Ինչպես հաղորդում է Azatutyun.am-ը, այս մասին հայտնել է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով իր քաջատեղյակ աղբյուրը:

Ադրբեջանում ներկայում Հայաստանի երեք քաղաքացիներ են պահվում՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը, Զավեն Կարապետյանը, որոնց պաշտոնական Բաքուն համարում է դիվերսանտ՝ մեղադրելով պատերազմական հանցագործությունների մեջ: Նրանք Ադրբեջանում երկարատև ազատազրկման են դատապարտված:

Հայկական կողմում ևս երեք ադրբեջանցի է պահվում: Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը ձերբակալվել են 2014 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում: Ղարաբաղյան դատարանը Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապարտել, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով մի շարք ծանր հանցանքներում՝ լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, առևանգման, սպանության մեջ։ Հայկական կողմում գտնվող երրորդ ադրբեջանցին Էլնուր Հուսեյնզադեն է, նա ձերբակալվել է անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղի ուղղությամբ: Պաշտոնական Ստեփանակերտը պնդում է, որ 1995 թվականին ծնված Հուսեյնզադեն ադրբեջանական բանակի զինծառայող է և ձերբակալվել է դիվերսիայի պահին:

Ռազմագերիների և քաղաքացիական անձանց փոխանակումը որպես կանոն կատարվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով (լուսանկարում)։

Դիտեք նաև՝