ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կարող է զբաղեցնել Բելառուսի ներկայացուցիչը․ «Կոմերսանտ»

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) քննարկվում է գլխավոր քարտուղարի պաշտոնում բելառուս Ստանիսլավ Զասի նշանակման հարցը։ Ներկայում Զասը զբաղեցնում է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղարի պաշտոնը։ Անդամ երկրների ղեկավարները վերջնական որոշում կկայացնեն նոյեմբերի 8-ին։ Ինչպես գրում է «Կոմերսանտ» թերթը, ինտրիգն այն է, որ թափուր պաշտոնին հավակնում է Հայաստանը։

Անցյալ շաբաթ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվել էր Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը, որը պաշտոնավարել է մեկ ու կես տարի՝ նախատեսված երեքի փոխարեն։ Ըստ կազմակերպության կայքի՝ Խաչատուրովի վաղաժամկետ ազատումը նախաձեռնել է Հայաստանը։ Յուրի Խաչատուրովի հետկանչի ընթացակարգն ավարտվել է նոյեմբերի 2-ին, նույն օրը գլխավոր քարտուղարի պաշտոնակատար է նշանակվել Ռուսաստանի ներկայացուցիչ Յուրի Սեմերիկովը։

«Կոմերսանտի» աղբյուրներից մեկը հայտնել է, որ ի սկզբանե քննարկվել է Սեմերիկովին մեկ ու կես տարով ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու տարբերակը, սակայն ի վերջո որոշվել է քարտուղարության լիարժեք ղեկավար նշանակել՝ առաջնորդվելով ռոտացիայի սկզբունքով, որի համաձայն Հայաստանից հետո հաջորդն ըստ այբբենական կարգի Բելառուսն է։

Հայաստանը, նշում է պարբերականը, ակնկալում էր Խաչատուրովից հետո նշանակել մեկ այլ ներկայացուցիչ՝ համարելով, որ սահմանված ժամկետը դեռ չի լրացել։

Այս դիրքորոշումը ոչ բոլորն են կիսում։ «Կոմերսանտի» որոշ աղբյուրներ նշել են, որ կազմակերպության կանոնադրությունում ոչ մի խոսք չկա այն մասին, որ վաղաժամկետ հետկանչի դեպքում այս կամ այն երկիրը գլխավոր քարտուղարի պաշտոնում կարող է մեկ այլ ներկայացուցիչ առաջադրել։

Ռոտացիայի օգտին են հանդես եկել Ռուսաստանն ու Ղազախստանը։

***

Հայաստանում Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել 2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նմանատիպ մեղադրանք է առաջադրվել նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 2008-ին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին։ 2008-ին Յուրի Խաչատուրովը Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալն էր, զինված ուժերի Երևանի կայազորի պետը։

Յուրի Խաչատուրովը ազատ էր արձակվել 5 միլիոն դրամ գրավի դիմաց։ Ռուսաստանը բացասաբար էր արձագանցել Հայաստանում Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելու փաստին։ Արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Հայաստանում տեղի ունեցողը հակասում է երկրի իշխանությունների հայտարարություններին։

Ավելի ուշ թեմայի վերաբերյալ մտահոգություն էին հայտնել ՀԱՊԿ անդամ Ռուսաստանի և Ղազախստանի նախագահները՝ Խաչատուրովի շուրջ իրավիճակը որակելով խնդրաբնույթ։

Մեկնաբանել