ՀՀ-ն չի հերքում, ՀԱՊԿ-ում տեղյակ չեն, որ գլխավոր քարտուղար կարող է դառնալ Բելառուսի թեկնածուն

ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը որևէ տեղեկություն չունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնի համար Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածության քննարկման վերաբերյալ: Այս մասին նա հայտնել է «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հնարավոր է դիտարկվի Աստանայում նոյեմբերի 8-ին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստին»,- ասել է նա:

Մինչդեռ Հայաստանի ԱԳՆ-ն, ըստ էության, չի հերքում, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում քննարկվում է Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությունը:

ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը «Ազատությանը» ասել է․ «ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը գտնվում է կոնսուլտացիաների փուլում: Այս քննարկումները որոշակի կոնֆիդենցիալ բնույթ ունեն և չեն ընթանում հրապարակային դաշտում: Հարգելով այդ սկբզունքը՝ հավելյալ տեղեկություն չենք կարող տրամադրել՝ չվնասելու համար այդ քննարկումներին»:

«Կոմերսանտ» թերթը գրել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) քննարկվում է գլխավոր քարտուղարի պաշտոնում բելառուս Ստանիսլավ Զասի նշանակման հարցը։ Ներկայում Զասը զբաղեցնում է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղարի պաշտոնը։

Մեկնաբանել