Հայաստանը պետք է զարգանա Հայաստանի միջոցներով, ներքին ներդրումների ու խնայողությունների շնորհիվ․ ՍիվիլՆեթի հետ ծավալուն հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնում վարչապետի խորհրդական Վարազդատ Կարապետյանը՝ խոսելով ներդրումների ու տնտեսական զարգացման հեռանկարի մասին։ Ըստ նրա՝ դա է արժանապատիվ զարգացման ուղին։
«Փոխանակ երկու-երեք հսկաներ գան ու մեր հանքերը շահագործեն, մենք պետք է որպես երկիր մեր փոքր ու միջին ձեռնարկություններով, մեր հարյուրհազարավոր քաղաքացիների խնայողություններով մեր երկիրը զարգացնենք։ Դա է միակ ճանապարհը։ Թե չէ՝ Ամուլսարը դուրս կգնա, ներսում կմնա թե միջազգային շուկաներում իր մասին ինչ կգրեն,- դա ընդհանրապես երկրի իրական զարգացման հետ կապ չունի։ Եթե անգամ բոլորը շատ վատ մտածեն, բայց մենք 2,5 միլիոն մարդով գտնենք, որ մենք զարգացնում ենք մեր երկիրը, ուրեմն մենք մեր երկիրը կզարգացնենք, ու մենք մեր սահմանն էլ անառիկ կպահենք, որովհետև 2,5 միլիոնանոց բանակ աշխարհում չկա»։
Տնտեսական զարգացման ի՞նչ մոդելով է շարժվելու գործող կառավարությունը։ Վարչապետի խորհրդականն ասում է՝ տնտեսական մոդելներ ընտրվում են արդեն իսկ աշխարհում եղած փորձի հիման վրա, իսկ այն, ինչ կատարվել է Հայաստանում, աննախադեպ է.
«Մենք աշխարհում պատմության մեջ չենք ունեցել նման նախադեպ, ուստի ասելը, որ այս երկրի կամ այս գիտնականի զարգացման մոդելը կվերցնենք ու կօգտագործենք, միանշանակ սխալ է։ Իսկ ընդհանրապես, եթե նայում եք ժամանակակից զարգացման տեսությունները, մոդելների կիրառումն այդքան էլ ողջունելի չէ։ Մենք պետք է կարողանանք հավաքական հեռանկար ստեղծել ու հասկանալ յուրաքանչյուրիս դերը այդ հեռանկարի մեջ։ Հետո յուրաքանչյուրը իր չափով ու շրջանակներում կգործի՝ մոտեցնելով հեռանկարը»,- նշում է Վարազդատ Կարապետյանը։
Կարապետյանի համոզմամբ՝ պետք է խոսել ոչ թե մոդելների, այլ վարքագծերի մասին, իսկ կառավարությունը պետք է սահմանի օրենքներ ու նորմեր, որոնք մարդկանց կյանքն ավելի լավն են դարձնում, ու յուրաքանչյուր անհատ կկարողանա իր ստեղծարար ներուժը բացահայտել։ Վերևից պարտադրվող մոդել կիրառելը նշանակում է, որ «մի խումբ մարդիկ ավելի խելոք են, քան մնացած բոլորը, ու այդ մարդիկ որոշում են՝ ինչպես պիտի երկիրը զարգանա, իսկ մնացածը ստիպված հետևում են այդ մոդելին»։
«Զարգացում կոչվածը անիմաստ կլինի, եթե զարգացման մեջ մեզնից յուրաքանչյուրը իրեն երջանիկ չզգա։ Այսինքն, մեր խնդիրն է ստեղծել այնպիսի իրավիճակ, երբ ցանկացած մարդ իրեն երջանիկ է զգում մեր երկրում։ Դրանից ածանցված պետք է հասկանան՝ տնտեսությունը ինչպես պետք է զարգանա, տարածքային կառավարումը ինչպես պետք է զարգանա, հարկային քաղաքականությունը ինչպես պետք է զարգանա։ Բայց միևնույն է՝ ամեն ինչի անկյունաքարը մարդկային երջանկությունն է, ինքնաբացահայտումը։ Եթե մենք սրանք չկարողանանք հաշվել որպես առաջնային արժեք, մեր մնացած բոլոր քայլերը դառնալու են անիմաստ, իսկ հեղափոխությունը տեղի ունեցավ հենց այդ հիմքի վրա։ Մարդիկ փորձում են հետ բերել կորցրած արժանապատվությունը, ու այս հիմքի վրա մենք պետք է տնտեսական վիճակը շտկենք»,- նշում է Կարապետյանը։
Նա կողմ է, որ մարդկանց ազատությունները որոշեն զարգացման տենդենցները, միաժամանակ ասում է՝ որևէ մեկը չպետք է կարողանա ներխուժել այլոց ազատությունների տարածք։ «Եթե մենք ունենք մի իրավիճակ, երբ ուժեղները սկսում են ոչ տնտեսական գործիքներով թույլերին ճնշել ու շահագործել, որպես պետություն պետք է կարողանանք դիմակայել այդ իրավիճակին ու պայքարենք մոնոպոլ երևույթների դեմ»,- ասում է վարչապետի խորհրդականն ու հույս հայտնում, որ նոր կառավարության ձևավորումից հետո կձևավորվեն նաև գործիքներ, որոնք կկարողանան արձագանքել այսպիսի դեպքերին։
«Պետությունը պետք է խառնվի տնտեսական խաղին այն ժամանակ, երբ տնտեսական խաղի մասնակիցների մի մասի վարքագիծը ընդհանուր տնտեսության արդյունավետությունը նվազեցնում է։ Մեծ ձեռնարկությունները կարող են օգտակար լինել, բայց մոնոպոլիաները բերում են ձևախեղումների ու նվազեցնում տնտեսական արդյունավետությունը»,- ասում է Վարազդատ Կարապետյանն ու հավելում, որ գործարարը տնտեսական հարցում միշտ ավելի խելոք է, քան չինովնիկը։
Գործարարը տնտեսական հարցում միշտ ավելի խելոք է, քան չինովնիկը
Կարապետյանը համոզված է՝ պետական ապարատը պետք է վերափոխվի։ Այսօրվա պետական ապարատը նա համեմատում է դիակի հետ։ Պետությունը երկրի ամենախոշոր գործատուն է, ու եթե այդ գործատուն անարդյունավետ է, երկիրը չի կարող արդյունավետ լինել։
Վարազդատ Կարապետյանի համար ակնհայտ է, որ 100 հազար մարդ պետք է դուրս գա պետական ապարատից։ Նա դրական օրինակ է համարում այն փաստը, որ ոստիկանության ներքին զորքերը վերապրոֆիլավորվել են ու ծառայություն են անցնում սահմանին։
Ինչպե՞ս ապահովել պետական ապարատից դուրս մղվող քաղաքացիների անցումը մասնավոր սեկտորում այլ բնույթի աշխատանքի։ «Մի տարբերակն այն է, որ վերլուծենք, թե որտեղ է աշխատատեղ բացվում, այդ դուրս եկող մարդկանց ասենք՝ մենք մեկ տարի անընդհատ կտանք ձեր աշխատավարձը, բայց դուք աշխատանքի մի եկեք, որ պետական համակարգը չխաթարեք, որ ձեր կողքը աշխատող մարդու մոտիվացիայի վրա բացասական ազդեցություն չգործի ձեր շարիկ գլորելը կամ սուրճ եփելը։ Դուք աշխատանքի մի եկեք, մեկ տարի ստացեք ձեր աշխատավարձը։ Գումարած՝ մենք կհոգանք, որ դուք այլ կրթություն ստանաք, օրինակ, մարդուն կտանք տարվա համար 300 հազար դրամ դրամաշնորհ՝ որևէ կրթական հաստատությունում վերապատրաստվելու համար։ Մենք նոր նախարարներ ունենք, գնացեք, իրենց հարցրեք՝ ձեր կյանքն ինչպիսի՞ն է ձեր աշխատակազմերի ձեռքը. ծանր, որովհետև չկան էն մարդիկ, ում վրա հնարավոր է հենվել ու առաջ տանել գործընթացները»։