ՊԵԿ-ը նպատակ ունի համատարած հայտարարագրումների ինստիտուտ ներդնել

Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) նպատակ ունի Հայաստանում համատարած հայտարարագրումների ինստիտուտ ներդնել։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

Քաղաքացիների ID քարտերին կուտակային ֆունկցիա տալը, ըստ Անանյանի, այս նպատակին ծառայող տեխնիկական հարցերից մեկն է։ Ավելի վաղ Անանյանը հայտարարել էր, որ քաղաքացիների նույնականացման քարտերը ունենալու են նաև կուտակող նշանակություն, հաշվիչ դրամարկղային մեքենան առևտուր կատարելիս քաղաքացուն կնույնականացնի, և տարեվերջին նա կստանա տարվա ընթացքում կատարած առևտրի 1, երկրորդ տարում՝ 2, երրորդ տարում՝ 3 տոկոսը։

ՊԵԿ նախագահի խոսքով՝ այս գործիքի կիրառման արդյունքում ստվերային էական եկամուտներ կդառնան հարկման ենթակա։ «Մենք նաև մտածում էինք, որ տարեկան հայտարարագիր ներկայացնելիս կարող ենք միջազգային լավագույն փորձը կիրառել ու որոշ ծախսեր վերադարձնել։ Օրինակ, Ամերիկայում հայտարարագրում են եկամուտներն ու ծախսերը, եկամուտների ու ծախսերի համադրման արդյունքում հաշվարկվում է հարկման օբյեկտը։ Մենք ուզում էինք մոտավորապես նույն բանը առաջարկել. այն ծախսերը, որ կրում են մեր ֆիզիկական անձինք, օրինակ՝ կոմունալ բնույթի ծախսերի մեջ, առաջին տարում 1, երկրորդ տարում՝ 2, երրորդ տարում՝ 3 տոկոսով հանեինք։ Մենք լավ բան էինք մտածում։ Տեխնիկական հարց էր առաջանում՝ ինչպե՞ս իդենտիֆիկացնեինք մարդկանց։ Շատ ավելի հեշտ կլինի մարդկանց իդենտիֆիկացնել հանրային ծառայությունների համարանիշով»,- նշում է Դավիթ Անանյանը։

Դիտարկմանը, որ կան քաղաքացիներ, որոնք չեն ցանկանում, որ իրենց սպառման մասին տեղեկատվությունը հավաքագրվի, Անանյանը պատասխանում է. «Այդտեղ որևէ խնդիր կա՞։ Օրինակ, եթե Դավիթ Անանյանը չի ուզում իդենտիֆիկացվի գնում կատարելիս, ուրեմն ինքն է որոշում, ու իր եկամտահարկից նվազեցում չի կատարվի»։

Հարկային եկամուտների հավաքագրման մասին ՊԵԿ նախագահն ասում է, որ վերջին ամիսներին կա «հարկային կարգապահության բարձրացում»։ Անանյանը դա համարում է հարկային վարչարարության ու իրավագիտակցության բարձրացման արդյունք։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել