Պայքարելով պատժամիջոցների դեմ՝ Իրանը բաց է թողնում բանակցային դուռը․ Al-Monitor

ԱՄՆ-ի կողմից իր երկրի դեմ պատժամիջոցների վերասահմանումից հետո Իրանի նախագահ Հասան Ռոհանին հանդես է եկել հայտարարությամբ, որի տոնն անդրդվելի էր։ Այդուհանդերձ, Ռոհանին բաց է թողել բանակցությունների դուռը՝ չնայած այն հանգամանքին, որ գործընթացը կարող է տեղի ունենալ հեռավոր ապագայում․ գրում է Al-Monitor կայքը։

«Այս անգամ մենք հպարտորեն կճեղքենք պատժամիջոցները, որովհետև դրանց նպատակը վախեցնելն է»,- ասել է Ռոհանին։

Իրանի նախագահը պատժամիջոցների նոր փուլը որակել է օրենքին, պայմանագրերին ու ՄԱԿ-ի կանոնադրությանը հակասող։

Իրանի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների ու Գերմանիայի (Իրան-Վեցնյակ) միջև միջուկային գործարքը ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման երբեք չի ներկայացրել որպես պայմանագիր՝ հաշվի առնելով փաստը, որ այն երբեք չէր ստանալու Կոնգրեսի աջակցությունը։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանին առաջադրել էր 12 պահանջ՝ միջուկային ծրագրից մինչև տարածաշրջանային և ներքին քաղաքականություն։ Առավելապաշտական այս պահանջներից շատերը Իրանից պահանջում էին 180 աստիճանով վերանայել վերջին 40 տարվա իր քաղաքականությունը։

ԱՄՆ-ի հետ բանակցելու հնարավորության մասին Ռոհանին մասնավորապես ասել է, որ եթե Միացյալ Նահանգները հանձնառու մնա միջուկային գործարքի հարցում սկզբնական պայմանավորվածություններին, դա կարող է հիմք հանդիսանալ ապագա բանակցությունների համար։

USA Today-ի հետ զրույցում Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտնել է, որ Իրանը պատրաստ է բանակցությունների ԱՄՆ-ի հետ, եթե վերջինս կատարի պարտավորությունները։

Մինչ Իրանը պայքարում է ԱՄՆ պատժամիջոցների դեմ, իշխող վարչակազմը խոչընդոտի է առերեսվել օրենքի ընդունման հարցում, որը կթեթևացներ բանկային գործարքների իրականացումը օտար երկրների հետ։ Իրանի Պահապանների խորհուրդը մերժել է օրինագիծը՝ պնդելով, որ «թերություններ և երկիմաստություն» է հայտնաբերել դրանում։ Ըստ քննադատների՝ նման օրենքով հնարավոր է դառնում զգայուն ֆինանսական տեղեկությունների փոխանցումը թշնամի երկրներին։

Մեկնաբանել