ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը զիջելը կլինի մեծ ձախողում․ Վիգեն Սարգսյան

Եթե դեկտեմբերի 6-ին Հայաստանը զիջի ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը, դա կլինի կառավարության մեծ ձախողում․ նոյեմբերի 11-ին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանը՝ կուսակցության խորհրդի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը։

Դեկտեմբերի 6-ին որոշվելու է, թե ով պետք է լինի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարը։ Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո մամուլում քննարկվում է երեք տարբերակ՝ նոր թեկնածուին կրկին առաջադրում է Հայաստանը, կազմակերպությունը ղեկավարում է գլխավոր քարտուղարի ներկայիս տեղակալը, գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնում է Բելառուսի ներկայացուցիչը, որին այդ դերը անցնելու էր 2019-ի գարնանը։

ՀԱՊԿ-ի քարտուղարությունն այլ երկրի փոխանցելու շուրջ զարգացումները Վիգեն Սարգսյանը գնահատեց որպես «այս պահին ձախողման մեծ ռիսկ»․

«Կարծում եմ՝ մեր կառավարությունը պետք է շարունակի ամեն ինչ անել՝ թույլ չտալու գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստը դեկտեմբերի 6-ին։ Եթե դեկտեմբերի 6-ին մենք զիջենք այդ պաշտոնը, դա կլինի մեծ ձախողում կառավարության»։

Վիգեն Սարգսյանի կարծիքով՝ այդ ռիսկը պարտադիր պետք էր հաշվի առնել քայլեր ձեռնարկելիս։ Նա նշեց, որ գլխավոր քարտուղարի և ԵԱՏՄ հանձնաժողովի նախագահի [ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյան] պաշտոն ունենալու վրա նախկին կառավարությունը բավական լուրջ ջանքեր է ներդրել, ինչը մեծ առավելություն էր տալիս մեզ։

«Ի դեպ, այս օրերին շատ հաճախ թյուր մեկնաբանություն է տրվում իմ ասուլիսներից մեկում տրված այն պատասխանին, որ չեմ կարծում, որ Խաչատուրովին շատ ավելի հեշտ լինի հայտարարություն անել Ղարաբաղի մասին, քան նախկին գլխավոր քարտուղարին, որովհետև նա Հայաստանի քաղաքացի է։ Դա շատ մասնակի է արտացոլում այն կարևորությունը, որ ունի նման կառույցում գլխավոր քարտուղար քո քաղաքացի, հատկապես՝ ղարաբաղյան պատերազմի բովով անցած մարտական գեներալ ունենալու հնարավորությունը։ Ցանկացած մեկը պետք է հասկանա, թե ինչքան հակաճնշում կար ղարաբաղյան պատերազմի բովով անցած ռազմական մարտական գեներալին այդ պաշտոնում Հայաստանի Հանրապետության ջանքերին»,- ասաց Վիգեն Սարգսյանը։

Ադրբեջանի հետ օպերատիվ կապի մասին

Ադրբեջանի հետ օպերատիվ կապ ունենալը պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանը գնահատեց «շատ լավ»՝ շեշտելով, որ ինչպես ավելի վաղ հայտնել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, դա օպերատիվ կապ է զինված ուժերի մակարդակով, նախագահների միջև կամ վարչապետի ու նախագահի միջև կապ չէ։

«Կարծում եմ, որ նման օպերատիվ կապը կարևոր է։ Մենք ունեցել ենք նման կապ, պարբերաբար հատուկ կապ ձևավորվել է երբ եղել է քննարկելու հարց, դա տեխնիկապես բարդ չէ։ Իմ պաշտպանության նախարար լինելու ժամանակ առնվազն երկու անգամ նման գործունեություն իրականացվել է, դա շատ բնականոն, նորմալ վիճակ է, լարված հակամարտությունների շրջանում նման կապ ունենալը կարող է օգտակար լինել հնարավոր չնախատեսված կամ պատահական զարգացումների լարումից»,- ասաց Վիգեն Սարգսյանը։

Հոկտեմբերի 28-ին Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հանդիպելուց հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենց միջև հաստատվել է օպերատիվ կապ։

***

Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 11-ին ՀՀԿ խորհրդի նիստից հետո հայտարարեց, որ կուսակցությունը մասնակցելու է դեկտեմբերի 9-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին։

Կարդացե՛ք նաև՝

ՀՀԿ-ն կմասնակցի արտահերթ ընտրություններին

ՀՀԿ-ն հայտարարության նախագիծ է տարածել, Փաշինյանին անվանել «մարտի 1-ի հրահրիչ»

Մեկնաբանել