Իներցիոն․ Փաշինյանը՝ 2019-ի բյուջեի նախագծի մասին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկվում է 2019-ի բյուջեի նախագիծը։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ այն համարում է «իներցիոն բյուջե»։

«Բյուջետային մեր քաղաքականության մեջ տեղի են ունեցել շրջադարձային փոփոխություններ։ Մեր տնտեսական քաղաքականությունը կարելի է անվանել աշխատանքի խրախուսման քաղաքականություն»,- ասաց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ այս հարցը կառավարության համար ունի «խիստ կարևոր նշանակություն»։

«Երկրում հանրության մեջ չեն կարող տեղի ունենալ փոփոխություններ, եթե դրանց հիմքում ընկած չէ անհատական ջանքը։ Մենք, տնտեսական աճ ասելով, նկատի ենք ունենում համընդհանուր ջանքի ներդնում։ Մեր քաղաքական խնդիրն է յուրաքանչյուր անհատի համար ստեղծել տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորություն»,- ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը վստահեցրեց՝ Հայաստանում այլևս չկան մենաշնորհներ, ներմուծման կամ արտահանման արգելքներ։

Միկրոբիզնեսն ազատված կլինի բոլոր հարկերից

Վարչապետի պաշտոնակատարը խոսեց նոր հասկացություն սահմանելու մասին, որն է միկրոբիզնեսը, որն ազատված կլինի բոլոր հարկերից։

«Դեռ քննարկումների մեջ ենք, սակայն մինիմումը կլինի 20 մլն-ի շեմը, իսկ մաքսիմումը՝ 24 մլնը, այդ մարդիկ չեն վճարի որևէ հարկ։ Այս քաղաքականությամբ մենք կփորձենք խրախուսել հատկապես մարզերում տնտեսական գործունեությունը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ կառավարությունն այսկերպ բացելու է հնարավորություն քաղաքացիների համար։

«Միկրոբիզնեսի համար կլինի հնարավորություն, որ մինչև երեք աշխատող ունենալու պարագայում եկամտահարկի բոլորովին այլ ռեժիմ կգործի, օրինակ՝ հինգ հազար դրամի հաստատագրված վճարով կկարողանան լուծել այդ հարցը»,- ասաց նա։

Եկամտահարկի համահարթեցում

Որոշվել է իջեցնել եկամտահարկը և դարձնել այն համահարթ բոլորի համար՝ 23 տոկոս։

«Մենք այս և մյուս փոփոխություններով ըստ էության հավելյալ մոտ 50 մլրդ դրամ ենք ներարկում տնտեսության մեջ, այդ գումարը ոչ թե հավաքագրում ենք պետական բյուջե, այլ ըստ էության թողնում ենք մարդկանց մոտ ու թողնում ենք շրջանառության մեջ։ Այս գումարը շատ մեծ ու կարևոր ներարկում է մեր տնտեսության մեջ, այնքանով, որ յուրաքանչյուր տնտեսվարող կարող է հայտ ներկայացնել՝ այս գումարից իր բաժինը ստանալու»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ նշելով, որ այս գործողության արդյունքում մարդկանց աշխատավարձը կբարձրանա։

Տաքսու վարորդների համար՝ նպաստավոր պայմաններ

Կառավարությունը որոշել է նաև արտոնագրային վճարից ազատել մասնավոր տաքսիներին։

«Մենք ասում ենք, որ եթե մարդը անհատ տաքսու վարորդ է, նա որևէ վճար վճարելու անհրաժեշտություն չունի, լիցենզիայի կարիք չունի։ Մենք հստակ չգիտենք, թե ՀՀ-ում քանի հոգի է այդ ոլորտում, սակայն մոտավոր 50 հազար մարդ կա այդ ոլորտում»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ խոսքը ոչ թե բոլոր տաքսու վարորդների մասին է, այլ անհատների։

«Նախորդ քաղաքական համակարգը խրախուսել է աղքատությունը»

«Մենք ժողովրդին ոչ մի բանում չենք մեղադրում»,- Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ նախկին իշխանությունները աշխատանքը խրախուսելու փոխարեն առավելություն են տվել աղքատությանը։

«Մարդուն ասել են՝ դու աղքատ ես, նպաստ ես ստանում, ավելի լավ է մի աշխատի, հակառակ պարագայում այդ նպաստից մենք քեզ կզրկենք»,- հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը։

Կառավարության նոր քաղաքականությունն ուղղվելու է ոչ թե աշխատունակ մարդուն նպաստ տալուն, այլ իսկապես դրա կարիքն ունեցողներին։

«Մենք թիրախային պետք է այդ օգնությունը ցուցաբերենք, օրինակ՝ երեխային, այսինքն՝ նպաստառուն պետք է լինի ոչ թե երեխայի աշխատունակ հայրը, այլ հենց երեխան։ Մենք ասում ենք՝ պետք է տալ այդ օգնությունը հասցեական՝ թոշակառուին, անաշխատունակ մարդուն կամ երեխային, որ մենք իսկապես օգնենք այդ ընտանիքին, ոչ թե այդ ընտանիքին դատապարտենք»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։

«Գույքահարկի ոչ արդարացի մեխանիզմ ունենք»

«Մենք այսպես ասած ունևոր հատվածին հարկելու օրակարգն ընդունում ենք և եկամտահարկով բաց թողնված մասը հարյուր տոկոսով կլրացնենք գույքահարկում արվող փոփոխությունների տրամաբանության մեջ»,- ասաց Փաշինյանը հավելելով, որ կստեղծեն հնարավորթյուններ «էլիտար թաղամասերում էլիտար տները» հարկվեն բոլորովին այլ կերպ։

«Մենք ունենք հաշվարկ, որ գույքահարկվող հարկվող գույքի մեկ տոկոսի նկատմամբ գույքահարկի արդար դրույքաչափ սահմանելով, մենք երկրում հավաքագրվող գույքահարկի չափը կկրկնապատկենք։ Եթե այդ ճոխ գույքի թեկուզ մի մասը հարկենք այլ տրամաբանության մեջ, մենք կարձանագրենք կրկնակի աճ»։

Փաշինյանի փոխանցմամբ, սակայն, սա ընդամենը փորձագիտական գնահատական է. «Մենք, ըստ էության, այսօր գույքահարկի ոչ արդարացի հարկման մեխանիզմ ունենք ու ունենք մեխանիզմ այդ հարկման մեխանիզմները շրջանցելու»։

Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց, որ իրենց նպատակն է ավելացնել բյուջետային մուտքերը։ Նրա համոզմամբ՝ կառավարությունը վերջին վեց ամիսների ընթացքում կարողացել է հետևողական վարել Հայաստանում աշխատանքի և ներդրումների խրախուսման քաղաքականություն։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել