ՀԱՊԿ-ի մի խնդիրը Հայաստանն է, մյուսը՝ նրա ստեղծած խնդիրները․ Ալիևը՝ Բելառուսի դեսպանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում Բելառուսի դեսպան Գենադի Ախրամովիչին և նրա հետ քննարկել ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը։ Ալիևը, ընդգծելով Բելառուսի հետ երկկողմ հարաբերությունների սերտ լինելը, հայտնել է, որ իր առաջիկա այցը Մինսկ թվով հինգերորդն է, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանում եղել է չորս պաշտոնական այցով։

Ալիևն անդրադրձել է Ադրբեջանի ու Բելառուսի միջև ռազմատեխնիկական ոլորտի համագործակցությանը։

«Մենք ձեռք ենք բերում ռազմական տեխնիկա Բելառուսում և շատ գոհ ենք որակից և ցուցանիշներից։ Բելառուսը շատ բարձր մակարդակ է ցուցաբերում նաև ռազմարդյունաբերության ոլորտում, և մենք մտադիր ենք շարունակել համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում։ Ճիշտ է, ինչպես տեղյակ եք, Հայաստանում դա առաջացնում է պսիխոզ, ինչը ծայրաստիճան զարմանալի է, քանի որ Ադրբեջանը սպառազինություններ է գնում ոչ միայն Բելառուսից։ Ադրբեջանի ռազմական տեխնիկայի խոշորագույն մատակարարը Ռուսաստանն է։ Մենք մեծ ծավալով զենք ու տեխնիկա ենք գնում նաև Թուրքիայից, Իսրայելից, Պակիստանից, եվրոպական երկրներից։ Զարմանալի է, որ առարկություններ են ներկայացվում բացառապես Բելառուսին։ Կարծում եմ՝ դա Հայաստանի կողմից թերարժեքության բարդույթի դրսևորում է, և պատճառները բավական պարզ են»,- հայտարարել է Ալիևը՝ հերթական անգամ Հայաստանն անվանելով «աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը», մինչդեռ Բելառուսը, նրա խոսքով, «բարեհաջող զարգացել և զարգանում է»։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման քննարկումը՝ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում

«Մենք բնականաբար հետևում ենք մեր տարածաշրջանում ծավալվող իրադրությանը, ուշադիր հետևել ենք ՀԱՊԿ-ի գագաթաժողովին, որը վերջերս անցկացվել է Ղազախստանում»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը՝ հավելելով, որ իրենք «անտարբեր չեն այն հարցում, թե ով է նախագահում ՀԱՊԿ-ում»։

Ալիևը նաև «անընդունելի» է համարել ՀՀ ԱԳՆ-ի վերջին մեկնաբանությունը՝ ի պատասխան Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարությունների։ Նա փաստացիորեն պաշտպանել է Բելառուսի իր պաշտոնակցին՝ ասելով․ «ՀՀ ԱԳՆ-ի նման վարքագիծը ոչ կոռեկտ է»։

«Կոռեկտ չէր»․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի դեսպանի հետ Լուկաշենկոյի քննարկման մասին

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ հայկական կողմի պնդումը, թե ՀԱՊԿ-ում կան խնդիրներ, ճիշտ է, քանի որ առաջին հերթին «մի խնդիրը հենց ինքը՝ Հայաստանն է», «մյուս խնդիրները նրա ստեղծած խնդիրներն են»։ Այս համատեքստում Ալիևը  խոսել է Հայաստանում հետապնդվող Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակմանը։

Օրերս ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը Բելառուսի նախագահ Լուկաշենկոն քննարկել էր Ադրբեջանի դեսպանի հետ։

Երևանը մերժել է Ալիևին որպես հյուր Աստանա հրավիրելու գաղափարը․ «Կոմերսանտ»

Ստելլա Մեհրաբեկյան