Կառավարությունը քննարկեց Հին Երևան ծրագիրը

Կառավարության նոյեմբերի 15-ի նիստին որոշվեց լիազորել Երևանի քաղաքապետարանին «Ի ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել Երևան քաղաքի Արամի, Բուզանդի, Կողբացու փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները ու պարտականությունները սահմանող պայմանագիր:

«Սա, ըստ էության, Հին Երևան նախագիծն է։ Մենք շատ ենք կարևորում այն։ Ես նաև տեղեկացել եմ, որ ութ միավոր շենք կա այս հատվածում, որոնք հանդիսանում են ճարտարապետական հուշարձան։ Մենք հիմա ներդրողի հետ աշխատում ենք, որ նախագիծն այնպես իրականացվի, որ հուշարձանները մնան իրենց տեղում։ Մենք ներդրողի հետ ունենք լիարժեք ըմբռնում։ Հիմա, ինչպես ասում են, գնդակը ճարտարապետի դաշտում է, որ նրանք կարողանան արդյունավետ ներդրում ունենալ այս հարցում»,- ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Այս տարածքում դեռևս կա 48 սեփականատեր, որոնց հետ ընկերությունը գույքային համաձայնության չի եկել։

«Տարածքում, փաստորեն, թվով ութ պատմամշակույթային հուշակոթողներ են գտնվում, ապա հիմնավորումն եմ ուզում հասկանալ, թե ինչո՞ւ մշակույթի նախարարությունը չէ կառավարության որոշմամբ հանրային գերակա շահի ճանաչման բանակցությունները վարում»,- հետաքրքրվեց մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ պատմամշակութային հուշարձանները նախագծի շատ կարևոր, բայց փոքր տոկոսն են կազմում. «Ներդրումային ծրագիրը այդ հուշակոթողների պահպանության մասին չէ, այլ լրիվ այլ բանի մասին։ Մենք մեր որոշմամբ պաշտպանում ենք այդ հուշակոթողները»,- ասաց նա։

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը առաջարկեց, որ մշակույթի նախարարությանն էլ ներգրավվի գործընթացում։

Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ իրենց քաղաքական որոշումն է, որ այդ հուշակոթողներին որևէ սպառնալիք չլինի։

Հին Երևան նախագիծն իրականացնում է շվեյցարահայ գործարար Վարդան Սըրմաքեշը։

Գևորգ Թոսունյան