Քրեական գործ՝ ընդդեմ «Գազպրոմ Արմենիա»-ի, ընկերության հերքումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում պլանային ստուգումների ընթացքում հայտնաբերվել են որոշակի հանգամանքներ, որոնց վերաբերյալ անհարժեշտություն է առաջացել քրեաիրավական գնահատական տալու. կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում կատարվել են, չակերտավոր ասած, պլանային ստուգումներ։ Այսինքն՝ 2018թ. հուլիսի 1-ից 2019թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածի համար ՊԵԿ-ը հրապարկել է ռիսկերի չափանիշների հիման վրա գնահատված՝ ստուգման ենթակա հարկ վճարողների ցանկը, որտեղ ընդգրկված է եղել «Գազպրոմ Արմենիա»-ն։ Ըստ սահմանված ժամանակացույցի, այդ հարկատուների մոտ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումներ են կատարվում։ Այդ ստուգումների ընթացքում, ստուգում իրականացնող հարկային ծառայողների կողմից որոշակի տեղեկատվություն է բացահայտվել, որը ներկայացվել է ՊԵԿ քննչական վարչություն և հաղորդում է տրվել հետագա ստուգումներ իրականացնելու համար։ Այս պահին այդ հաղորդման հիման վրա քննիչի որոշմամբ հարուցվել է քրգործ», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է ՊԵԿ նախագահը՝ ընդգծելով, որ քրեական գործ հարուցելը դեռևս դատավճիռ չէ։

ՊԵԿ նախագահի խոսքով՝ քրեական գործի շրջանակներում այնպիսի գործողություններ պետք է կատարվեն, որոնք հնարավոր չէր իրականացնել բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման շրջանակներում:

«Գազպրոմ Արմենիա»-ի հերքումը

«Գազպրոմ Արմենիա»-ն իր հերթին հանդես է եկել հերքումով, որը հրապարակված է ընկերության կայքում։

«ՀՀ ՊԵԿ-ի կողմից ‹‹Գազպրոմ Արմենիա›› ՓԲԸ- ւմ ‹‹բացահայտված›› առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերի վերաբերյալ հրապարակման մասին

Ս.թ. նոյեմբերի 14-ին ՀՀ ՊԵԿ-ը զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածել ‹‹Գազպրոմ Արմենիա›› ՓԲԸ-ում‹‹բացահայտված››՝ հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում իբրև թե ակնհայտ կեղծ տվյալներ ներառելու, ինչպես նաև իբրև թեառանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերի վերաբերյալ:

‹‹Գազպրոմ Արմենիա›› ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ՊԵԿ-ը 2018 թվականի հոկտեմբերի 1-ից ‹‹Գազպրոմ Արմենիա›› ՓԲԸ-ում փաստացի սկսել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության համալիր ստուգում: Այնուհետև, 2018 թվականի հոկտեմբերի 17-ին ստուգման տևողությունը երկարաձգվել է 30 անընդմեջ աշխատանքային օրով: Համալիր հարկային ստուգումը ներկայումս փաստացի ընթացքի մեջ է և առ այսօր ՊԵԿ-ը ‹‹Գազպրոմ Արմենիա›› ՓԲԸ-ին ՀՀ հարկային օրենսդրության դրույթները խախտելու որևէ դրվագ չի ներկայացրել: Փոխարենը, առանց Ընկերության հետ քննարկելու կամ Ընկերությանը տեղեկացնելու, ՊԵԿ-ը մամուլով տարածել է միանգամայն անհիմն տեղեկատվություն:

‹‹Գազպրոմ Արմենիա›› ՓԲԸ-ն տարիներ շարունակ լինելով Հայաստանի Հանրապետության առաջին խոշոր հարկ վճարողը՝ մշտապես իր գործունեությունը ծավալել է բացառապես ՀՀ հարկային օրենսդրությանը համապատասխան՝ դրա արդյունքում ՊԵԿ-ից պարբերաբար ստանալով ‹‹Օրինապահ հարկ վճարողի›› հավաստագրեր:

ՊԵԿ-ի կողմից ներկայացված հրապարակման մեջ ներառված ‹‹համեմատական հետազոտությունները›› կատարված են ոչ համադրելի ժամանակաշրջանների և ոչ համադրելի մեծությունների հիման վրա, Ընկերությանը ներկայացված չէ վարչական մարմնի կողմից ձեռք բերված որևէ ապացուցողական փաստ, ինչը, Ընկերության կարծիքով, հանգեցրել է անհեթեթ եզրահանգումների: ՊԵԿ-ի նման գործելաոճը կարող է վտանգել Ընկերության ձեռք բերած գործարար համբավը և ձախողել Ընկերության բնականոն գործունեությունը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՊԵԿ-ը ‹‹Գազպրոմ Արմենիա›› ՓԲԸ-ում իրականացվող ստուգման ընթացքում որդեգրել է հրապարակային գործելաոճ, Ընկերությունը միանգամայն ողջունում է նման մոտեցումը և ս.թ. նոյեմբերի 15-ին ժամը 12:00-ին ‹‹Գազպրոմ Արմենիա›› ՓԲԸ-ի գլխավոր մասնաշենքում հրավիրում է մամուլի ասուլիս: Միաժամանակ, նպատակ ունենալով զերծ մնալ նշված հրապարակմանն առնչվող հարցերի միակողմանի մեկնաբանությունից, ‹‹Գազպրոմ Արմենիա›› ՓԲԸ-ն հրավիրում է նաև ՊԵԿ-ի համապատասխան մասնագետներին նշված ասուլիսին ներկա գտնվելու և իրենց ներկայացրած եզրահանգումները հանրությանը հիմնավորելու համար»: