Նաիրա Զոհրաբյանը «ճամպրուկով մեկնում է Սյունիք և Վայոց ձոր»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը «ռեյտինգային» ցուցակով առաջադրվել է Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։ Նա ասում է, որ ԲՀԿ-ի համամասնական ցուցակը էական փոփոխության չի ենթարկվել՝ 2017-ի խորհրդարանական ընտրությունների ցուցակի համեմատ։ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը քարոզարշավին կլինի բոլոր տարածքներում։ «Առաջին անգամ մենք բավական անկանխատեսելի ու ոչ ստանդարտ իրավիճակ ունենք, բայց կարող եմ ասել, որ ԲՀԿ-ն լուրջ ներգրավվածություն է ունենալու ապագա խորհրդարանում»,- ասաց Զոհրաբյանը։ Պատգամավորի թեկնածուի խոսքով՝ իրենք պահպանել են նախորդ խորհրդարանական ընտրություններին ներկայացրած ծրագրի դրույթների մեծամասնությունը, սակայն կան փոփոխություններ։ Օրինակ, որոշել են առաջնահերթություն տալ սոցիալական բնակարանաշինությանը։