Թուրքիայում ձերբակալվել են հայտնի ակադեմիականներ, «Անադոլու կուլտուրի» անդամներ

Թուրքական իշխանությունների թիրախում են «Անադոլու կուլտուր» կազմակերպության անդամներն ու մի շարք ակադեմիականներ։

Ինչպես հաղորդում է Bianet կայքը, նոյեմբերի 16-ի վաղ առավոտյան Բողազիչիի համալսարանի պրոֆեսոր Բեթյուլ Թանբայը, Ստամբուլի Բիլգի համալսարանի պրոֆեսոր Թուրգութ Թարհանլըն ձերբակալվել են։

Ըստ հաղորդագրության՝ ձերբակալվել են «Անադոլու կուլտուր» կազմակերպության գործադիր խորհրդի փոխնախագահ Յիղիթ Էքմեքչին, գործադիր խորհրդի անդամ Ալի Հաքան Ալթընայը, «Անադոլու կուլտուրի» գլխավոր համակարգող Ասենա Գյունալը, խորհրդականներ Չիգդեմ Մաթերը և Մելթեմ Ասլանը։

Չիգդեմ Մաթերը, որը գտնվում էր Քաշում՝ Անթալիայում, ֆիլմի նկարահանումների, ձերբակալվել է հյուրանոցում։ Մեղադրանքները դեռ հայտնի չեն։

Փաստաբան Ասլի Քազանը Թվիթերում գրել է, որ Թուրգութ Թարհանլըի նկատմամբ եռօրյա կալանքի որոշում է կայացվել։

Թուրք ականավոր հասարակական գործիչ, «Անադոլու կուլտուրի» նախագահ Օսման Քավալան ձերբակալվել էր 2017թ․ նոյեմբերի 1-ին՝ Ստամբուլի օդանավակայանում՝ Ղազիայնթափից վերադառնալիս։ Նա մեղադրվում է 2016թ․ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին աջակցելու մեջ։ Քավալան արդեն մեկ տարուց ավելի է՝ կալանքի տակ է առանց մեղադրանքի։

Օսման Քավալան հայտարարություն է տարածել բանտից

***

2014-ին ՍիվիլՆեթը Ստամբուլում զրուցել էր «Հրանտ Դինք» հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամներից մեկի՝ պրոֆեսոր Բեթուլ Թանբայի հետ: Նրա ջանքերի շնորհիվ Հրանտ Դինքի սպանությունից հինգ տարի անց` 2012-ին, «Ակօս» շաբաթաթերթի շենքի դիմաց՝ Հրանտ Դինքի սպանվելու տեղում, հատակին հուշաքար տեղադրվեց:

Մեկնաբանել