Ընտրություններին ընդառաջ․ ինչ են խոսում պատգամավորները

ՀՀԿ-ի պատգամավորի թեկնածու Մարգարիտ Եսայանը կարծում է, որ եթե մարդիկ ցանկանում են ապրել ավանդական ընտանիքով, ապա պետք է ընտրեն ՀՀԿ-ին։ Նրա խոսքով՝ Հանրապետականի իշխանության ժամանակ ընտանիքը կամ եկեղեցին պաշտպանող օրինագծերի անհրաժեշտություն չկար։ ՀՅԴ պատգամավորի թեկնածու Արմենուհի Կյուրեղյանը վստահ է՝ ընտրողը Դաշնակցությանը դեկտեմբերի 9-ին չի մերժի։ «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հրաչյա Հակոբյանի խոսքով՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նույնքան ակտիվ, որքան Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ էր։ ՀՀԿ-ի ցուցակով պատգամավոր դարձած Կնյազ Հասանովը Հայաստանի քրդական համայնքի կողմից առաջադրվել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակով։ Նա ասում է՝ ազգային փոքրամասնությունների համար «ընդդիմադիր կամ դիմադիր» ուժեր չպիտի լինեն։ ԲՀԿ-ից պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի համար առաջնայինն ընտանեկան բռնության կանխարգելումն է, քարոզարշավի ժամանակ նա անդրադառնալու է այդ խնդրին։

Մեկնաբանել