Գերեվարված Կարեն Ղազարյանի հարազատները փակել են Հայաստան-Վրաստան ճանապարհը

Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի հարազատները այսօր բողոքի ակցիա են կազմակերպել՝ փակելով Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Նրանք պահանջում են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի 3-ական գերիներին։ Բերդավանից ՍիվիլՆեթին փոխանցում են, որ ոստիկանությունը չի միջամտում։ Այս պահին ակցիայի մասնակիցները հիմնականում Բերդավան գյուղի մոտ 300 բնակիչներ են։

Ադրբեջանի կողմից գերիների փոխանակության առաջարկի մասին լուրը նոյեմբերի սկզբին հայտնել էր ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։ Պաշտպանության նախարարությունը, սակայն, ավելի ուշ նշեց, որ իրենք նման առաջակ չեն ստացել։

Չնայած հայկական կողմի հերքմանը՝ «Ինտերֆաքս»-ը ևս մեկ անգամ խոսեց այս մասին՝ նշելով, որ Ադրբեջանը գերիների փոխանակում առաջարկել է անել դեռևս 2016-ին։

Իսկ նոյեմբերի 6-ին Ադրբեջանում սկսվել է գերեվարված Կարեն Ղազարյանի գործով դատավարությունը։ Ղազարյանը մեղադրվում է Ադրբեջանում «ահաբեկչական փորձ իրականացնելու» մեջ։ Նշվում է, որ Ղազարյանը պատրաստվում էր ահաբեկչություն անել՝ «զենքի ու պայթուցիկի կիրառմամբ»։ Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ պնդումը։

Ադրբեջանում գերության մեջ են գտնվում նաև Հայաստանի քաղաքացիներ Արսեն Բաղդասարյանը, Զավեն Կարապետյանը։ Հայկական կողմում են Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը։ Նրանք ձերբակալվել են 2014 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում: Հայկական կողմում է նաև Էլնուր Հուսեյնզադեն, նա նույնպես ձերբակալվել է Ղարաբաղում։

***
Այս տարվա ամռանը ՍիվիլՆեթի նկարահանող խումբն այցելել է Կարեն Ղազարյանի հարազատներին։ Ղազարյանի հարազատներին արդեն երկու անգամ այցելել է նաև վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը։

Կարդացե՛ք նաև

Ադրբեջանական գերության մեջ գտնվող երեք հայերին պե՛տք է փրկել

Մեկնաբանել