ՊԵԿ-ը ցանկանում է հարկել խոպանից եկող գումարները

Պետական եկամուտների կոմիտեի՝ շրջանառության մեջ դրած նոր գաղափարով հնարավոր է՝ 2020-ից եկամտային հարկի պոտենցիալ վճարող դառնան 18-65 տարեկան Հայաստանի բոլոր քաղաքացիները: Այս մասին Հայաստանի Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» հաղորդման շրջանակում ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

«Հարկը գանձվելու է տարեկան կտրվածքով: Ինքն արդեն պետք է իմանա, որ ինքը դրսից գումար է ստացել, դա եկամուտ է, որից ինքը պետք է հարկ վճարի: Հիմա ժողովուրդը կարող է մեզ քննադատել, ասել՝ տարիներ շարունակ մեր հարևանը, բարեկամը կամ ամուսինը խոպանում գումար է վաստակել և ուղարկել, որը չի հարկվել: Այո, այդ գումարը, որը նա վաստակել, ուղարկել է, պետք է որպես եկամուտ հայտարարագրվի, ու դրա հասանելիքը պետք է պետությունը ստանա: Եթե անձը, որն այդ եկամուտը ստացել է, դրսում արդեն հարկվել է, ապա պետք է մեզ ներկայացվեն տեղեկանքները, մենք հաշվի պետք է առնենք այդ հարկը, հանենք տարբերությունը և ապա հարկենք մեր օրենքով»,- նշել է Դավիթ Անանյանը։

Ըստ նրա՝ պոտենցիալ հարկ վճարող կլինեն ոչ միայն դրսից եկամուտ ստացողները, այլև 18-65 տարեկան բոլոր քաղաքացիները, որոնք ցանկացած եղանակով ստանում են եկամուտ: Որպես առաջին քայլ՝ բոլորը պետք է լրացնեն սեփական եկամուտների հայտարարագիրը:

Պետք է սահմանենք տարեկան հայտարարագրի լրացման ու հարկերի վճարման ժամկետ՝ անպայման սահմանելով առնվազն երկու ամիս: Այսինքն, օրինակ՝ եկող տարվա մարտի 15-ը լինի հայտարարագրի լրացման, իսկ մայիսի 15-ը՝ հարկերի վճարման վերջնաժամկետ: «Բոլորը դառնալու են եկամտային հարկի տարեկան հայտարարագիր ներկայացնողներ, բայց հնարավոր է այդ հայտարարագրի արդյունքում վճարվելիք հարկեր չառաջանան»,- ասել է ՊԵԿ նախագահը։

Մեկնաբանել