Նախագիծը պետք է դրվի հանրային լայն քննարկման․ ՊԵԿ-ը՝ խոպանից եկող գումարների հարկման մասին

ՀՀ-ում այսուհետ որևէ հարկային բեռի ավելացում կամ փոփոխություն կարող է տեղի ունենալ միայն ամենալայն համաձայնության դեպքում․ կառավարության այսօրվա արտահերթ նիստին հայտարարեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։

«Ես տեղեկացա, որ հանրությունը, և մասնավորապես՝ սոցցանցերում, մարդիկ մանրամասն քննարկում են այսպես ասած «խոպանչիներին» հարկելու նախաձեռնությունը։ Ես ուզում եմ անպայման ասել, ընդգծել, որ առանց լայն հանրային քննարկման, առանց հանրային համաձայնության որևէ հարկային բեռի ավելացում չի լինելու, բացառվում է այդպիսի բան։ Եվ պետք է հաշվի առնել, որ զանազան գաղափարներ կարող են քննարկվել, ընդ որում՝ քննարկումները հաճախ կարող են մանիպուլյատիվ տեսք ստանալ, կարող են աղավաղվել և մեկնաբանվել ոչ այնպես, ինչպես կա, բայց կարող են և մեկնաբանվել նաև այնպես, ինչպես կա և արժանանալ կամ չարժանանալ մարդկանց հավանությանը, և միայն հանրային լայն համաձայնության դեպքում կարող են այդպիսի նախաձեռնությունները կյանքի կոչվել»,- ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ կոնկրետ «խոպանչիներին» հարկելու նախաձեռնության օրինակով, խոսքը, իհարկե, այնուամենայնիվ, «մի փոքր աղավաղվել և սխալ է մեկնաբանվում»։

«Գաղափարը հետևյալն է․ կա միտք՝ ներդնել եկամուտների համընդհանուր հայտարարագման համակարգ, որտեղ պիտի (եթե դա կյանքի կոչվի) բոլոր քաղաքացիները հայտարարագրեն իրենց եկամուտները, այնպես, ինչպես դա հիմա անում են համապատասխան օրենքով սահմանված կարգով հանրային ծառայողները, համապատասխան պաշտոններ զբաղեցնող մարդիկ, և նույնիսկ եթե այս գաղափարը կյանքի կոչվի, պետք է հասկանանք՝ ինչքանով է Հայաստանը պատրաստ դրան, պիտի բացառվի որևէ եկամտի կրկնակի հարկումը, այսինքն չի կարող պատահել, որ որևէ մեկն իր եկամտից ասենք օրինակ ԱՄՆ-ում կամ Ռուսաստանի Դաշնությունում արդեն հարկ է վճարում, և փոխանցում է գումարը տրանսֆերտով, մի հատ էլ էդ գումարից հարկ է վճարվում Հայաստանում»,- նշեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը։

ՊԵԿ պարզաբանումը

Պարզաբանմամբ է հանդես եկել Պետական եկամուտների կոմիտեն․

«Ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման թեման լայնորեն քննարկվում է ԶԼՄ- ներում և սոցիալական ցանցերում: Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ նախքան նախագծի ներդրումն՝ այն պետք է դրվի հանրային լայն քննարկման, ինչի ընթացքում վեր կհանվեն խնդրի դրական և բացասական կողմերը:

Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմին, ապա որևէ նման նախագիծ կամ գաղափար առկա չէ: Իսկ ԶԼՄ-ին տված հարցազրույցում ՊԵԿ նախագահի պատասխանը բխել է ռեզիդենտների ստացած եկամուտների հարկման ընդհանուր սկզբունքներից (ՀՀ և արտասահմանյան աղբյուրներից ստացված եկամուտներ), սակայն դա չի նշանակում, որ նրանց եկամուտները ենթակա են լինելու հարկման կամ նման նախագիծ է քննարկվում»։

Խոպանից եկող գումարների հարկման թեման լայն քննարկման առարկա դարձավ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի՝ Հայաստանի Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» հաղորդման շրջանակում արած հայտարարություններից հետո։

Մեկնաբանել