Վրաստանի կառավարությունը ներում է 600 հազ․ քաղաքացիների պարտքերը բանկերին

Վրաստանի կառավարությունը որոշել է ներել 600 հազար քաղաքացիների պարտքերը բանկերին և ֆինանսական կազմակերպություններին․ այս մասին երեկ հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն։ Ընդհանուր գումարը կազմում է մոտ 1․5 մլրդ լարի (570 մլն դոլար)։

Պարտքերի ներման գործընթացը կմեկնարկի դեկտեմբերի 15-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 31-ը։ Բախտաձեն հայտարարել է, որ «սև ցուցակներում» հայտնված անձանց պարտքերի 95 տոկոսը գալիս է վարկերից, որոնց հիմնական գումարը չի գերազանցում 2000 լարին։

600 հազար մարդկանցից 150 հազարը սոցիալապես խոցելի խավի ներկայացուցիչներ են և տասնյակ հազարավոր՝ հաշմանդամություն ունեցողներ։

Բախտաձեն ողջունել է «բանկային համակարգի, ոչ բանկային համակարգի և պարտքերի հավաքագրման մարմինների սոցիալական բարձր պատասխանատվությունը»։

Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Cartu բարեգործական հիմնադրամին, «առանց որի այդ նախաձեռնությունը չէր իրագործվի»։ Cartu հիմնադրամն ու համանուն բանկը պատկանում են Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին։

Պարտքերի ներման մասին հայտարարությունն արվել է Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից ինն օր առաջ։

Առաջին փուլում Սալոմե Զուրաբիշվիլին, որին սատարում է իշխող կուսակցությունը, չնչին տարբերությամբ (39%) հաղթել է ընդդիմության միասնական ներկայացուցիչ Գրիգոլ Վաշաձեին (39%)։ Բախտաձեի հայտարարության նախօրեին Վաշաձեն կառավարությունից պահանջել էր «անհապաղ ներել» այն անձանց պարտքերը, որոնք ի վիճ ակի չեն եղել մարել պարտքերն ու հայտնվել են բանկերի «սև ցուցակներում»։ Նույն օրը՝ ավելի ուշ, «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն ընդդիմությանը մեղադրել է իրենց քաղաքական քայլը գողանալու» մեջ՝ ասելով, որ իրենք վաղուց էին պատրաստվում հայտարարել այդ մասին, իսկ Վաշաձեի արածը «կլոնավորված շոու է»։

Մի շարք դիտորդներ և իրավաբաններ իշխող ուժի այդ քայլը որակել են ընտրակաշառք։

Վրաստանում նախագահ են ընտրելու․ ովքե՞ր են պայքարում, ի՞նչ են խոսում հայերի ու Հայաստանի մասին

Վրաստանը կարող է առաջին անգամ կին նախագահ ունենալ

Մեկնաբանել