Ունենք անհրաժեշտ բոլոր միջոցները՝ թույլ չտալու, որ մեր շահերը վնասվեն․ Զ․Մնացականյան 

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մանրամասնել է Աստանայում ՀԱՊԿ-ի նոյեմբերի 8-ի գագաթաժողովին Ադրբեջանին հրավիրելու փորձը, որը ձեռնարկել էին Բելառուսն ու Ղազախստանը։

Առավոտ օրաթերթի հետ զրույցում հարցին, թե արդյոք Աստանայում Ադրբեջանին ՀԱՊԿ-ում որպես դիտորդ ներգրավելու հարց եղել է կուլիսներում կամ պաշտոնական քննարկումներում, նախարարը պատասխանել է․

«ՀԱՊԿ-ը կարգավորվել է իր նորմատիվ փաստաթղթերով հիմքերը՝ դիտորդ կամ գործընկեր ունենալու վերաբերյալ: Էական է, որպեսզի հարց բարձրացնող յուրաքանչյուրը տեսնի, թե ինչպես է ձեւակերպված ընթացակարգը, թե ով եւ ինչպես կարող է կազմակերպությունում լինել դիտորդ կամ գործընկեր: Այնտեղ շատ հստակ գրված է՝ ՀԱՊԿ շրջանակներում դիտորդ կամ գործընկեր կարող են լինել երկրները, որոնք պետք է որոշ պայմանների համապատասխանեն, օրինակ՝ պետք է դիվանագիտական հարաբերություններ ունենան բոլոր վեց անդամ երկրների հետ:

Հաջորդը. յուրաքանչյուր հաշվարկ արվում է հետեւյալ տեսանկյունից, թե որքանով է այս կամ այն քայլը մեզ բավարարում, որքանով է մեր ազգային շահին, նպատակներին ու անվտանգությանը համապատասխանում: Առանց դա հաշվի առնելու որեւէ որոշում չի ընդունվելու: ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ վեց պետությունների հետ հավասար անդամ է: Հորդորում եմ, որ առաջին հերթին հաշվի առնվի մեկ բան՝ ՀԱՊԿ-ում աշխատում են վեց հավասար անդամ պետություններ, որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, այսինքն՝ բոլորը գործընկերներ են, որոնք չեն կարող հաշվի չառնել մյուսների շահերը: Եթե դավադրությունների թեորիայի մեջ մտադրություն, տեսակետ կա, որ հնարավոր է հարցերն այնպես լուծել, որի արդյունքում մեր շահերը կվնասվեն, մենք չենք կարող դա թույլ տալ, եւ մենք ունենք դրա համար անհրաժեշտ բոլոր միջոցները»:

Զրույցն ամբողջությամբ՝ այստեղ։

Մեկնաբանել