Նոյեմբերի 26-ին՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի առաջին օրը նշանավորվեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ու «Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի միջև հեռակա սուր բանավեճով։
Սեֆիլյանը «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել էր, որ նոր ձևավորվելիք խորհրդարանը երկար կյանք չի ունենալու՝ ընդամենը մեկուկես-երկու տարի, քանի որ հեղափոխության ժամանակ խոստացված փոփոխությունները չեն կատարվել՝ Ընտրական օրենսգիրքը չի փոխվել, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էլ հասարակությունից չեն մեկուսացվել։
Արթիկում քարոզարշավի ժամանակ այս հայտարարությանն էր անդրադարձել «Իմ քայլը» դաշինքի ղեկավար, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Ու կան ուրիշ քաղաքական ուժեր, որոնք էսօրվանից ասում են՝ գիտե՞ք ինչ, էս խորհրդարանը մեկ տարվա կյանք է ունենալու, մեկուկես տարվա կյանք է ունենալու։ Էդ դուք իրո՞ք որոշել եք, որ ձեզ իրավունք է տրված որոշելու խորհրդարանի, երբեմն նույնիսկ մարդկանց կյանքի չափերը։ Ես ձեզ ասում եմ՝ հանկարծ չշշկռվեք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ ու թուլակամ իշխանությունը չէ։ Մեր ժպիտներն ու քաղաքավարությունը որևէ մեկը չհամարձակվի մեկնաբանել որպես թուլություն։ Էդպիսի մի քանի դեպք եղել է ու էդպես մտածողները համտեսել են ասֆալտի համը։ Ես ոչ մեկին խորհուրդ չեմ տա գնալ այդ ճանապարհով»,- հայտարարել էր վարչապետի պաշտոնակատարը։
Նոյեմբերի 27-ին այս հայտարարությանը արձագանքել են «Սասնա ծռերը»՝ Փաշինյանի խոսքերը համարելով անհիմն պնդումներ։ «Մինչ այդ՝ վերահաստատում ենք մեր աջակցությունը հեղափոխությանն ու նրա նպատակներին և շարունակում ենք պնդել, որ, մեր համոզմամբ, ներկայիս ընտրությունների պայմանները, մեր ազգի ու պետության առջև ծառացած մարտահրավերները և դրանցով պայմանավորված հասարակական-քաղաքական զարգացումների միտումները մոտավորապես մեկուկես-երկու տարի անց հանգեցնելու են նոր արտահերթ ընտրությունների անհրաժեշտության»,- նշված է «Սասնա ծռերի» հաղորդագրությունում։
Նրանք նաև հորդորել են հեղափոխությունը առաջնորդած ուժի, ինչպես նաև հեղափոխության մեջ ավանդ ունեցած բոլոր ուժերի առաջնորդներին ձեռնպահ մնալ միմյանց հարվածելու մարտավարությունից։
Մկրտիչ Կարապետյան
Լուսանկարում՝ Ժիրայր Սեֆիլյանը