Նոյեմբերի 24-ին Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ գիտաժողով «Ադրբեջանահայ փախստականություն: Քաղաքական, մշակութային, հասարակական խնդիրները 30 տարի անց (պատճառներ, ընթացք, ինտեգրացիա, հեռանկարներ)» խորագրով: Գիտաժողովը կազմակերպել էին ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը և «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը։
Գիտաժողովի առաջին նիստը վարում էր ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, որի ողջույնի խոսքից հետո մեկնարկեցին ելույթները:
ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտից Սուրեն Զոլյանն ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանն իրենց ելույթներում պատմական անդրադարձ կատարեցին ԽՍՀՄ փլուզմանն ու սումգայիթյան ջարդերին: Հարություն Մարությանը մասնավորապես խոսեց դեպքերի, դրանց ընթացքի, բացահայտման և պատժի ժողովրդական ընկալման մասին: «Բոլորս էլ գիտենք ինչպիսի արձագանքներ եղան իշխանություների և մամուլի կողմից, ես դրան չեմ անդրադառնա: Մի բան հստակ էր՝ ժողովրդի կողմից առաջին արձագանքը հետևյալն էր. «պահանջում ենք ամբողջական տեղեկատվություն Սումգայիթյան ջարդերի մասին»: Խնդիրն այն էր, որ խորհրդային տարիներերին հանրությունից անգամ եղանակի տեսությունը կարող էին թաքցնել»,- նշեց Մարությանը:
Առաջին նիստում ադրբեջանահայ փախստականության խնդիրը դիտարկվեց նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կոնտեքստում, խոսվեց Արցախում դրա հետևանքների մասին: Ելույթներով հանդես եկան Արցախի Մարդու իրավուքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը և Արսեն Հակոբյանը՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտից:
Գիտաժողովի երկրորդ հատվածն ավելի գործնական բնույթ ուներ: Եղան բուռն քննարկումններ համապատասխան ոլորտի կարգավորման ծառայությունների ներկայացուցիչների և փորձագետների միջև:
Գիտաժողովին ներկա էր ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը: Խնդրի մասին խոսելիս, Արմեն Ղազարյանը նշեց, որ ինչ ստանձնել է իր պարտավորությունները Միգրացիոն ծառայությունում, այս հարցը իր օրակարգում և մշտական դիտարկման տակ է։ «Մեզ համար կրկնակի բարդ է աշխատել, քանի որ նախկինում երկրի մոտեցումը այս հարցին եղել է այսպիսին. «Եթե խնդրին «ձեռք չտանք», ինքն իրեն կկարգավորվի»։ Ու մարդիկ փաստացի 30 տարի կուտակված այս խնդրի մասին մոռացել են»,- ասաց Արմեն Ղազարյանը։ Նրա խոսքով, հանրության հետ խոսելիս ստիպված են նախ և առաջ ներկայացնել, թե որն է խնդիրը։ Խնդրի լուծումը միգրացիոն ծառայությունը դիտարկում է ինտեգրման պրիզմայի ներքո։ «Մեզ համար առաջնային խնդիրը ինտեգրումն է։ Ինտեգրում ասելով՝ հասկանում ենք մի քանի հանգամանք՝ կացարանի տրամադրումը, սոցիալ-մշակութային ներգրավվածությունը, քաղաքացիական կողմնորոշումը և մուտքը աշխատաշուկա»։ Արմեն Ղազարյանը ներկաներին վստահեցրեց, որ խնդրի լուծման ուղղությամբ քայլեր արվում են ամեն օր։
Ներկաների հարցադրումներին պատասխանեց նաև արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Նա խնդիրը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի համատեքստում: «Չի կարող լինել առաջընթաց բանակցություններում, եթե կողմերի միջև չձևավորվի վստահության մթնոլորտ»,- ասաց Շավարշ Քոչարյանը՝ հավաստիացնելով, որ արտաքին գործերի նախարարությունը ջանում է ստեղծել այդ վստահության մթնոլորտը և հետևողական է:
Փոքրիկ քննարկումից հետո ելույթ ունեցան ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանը, Արևելագիտության ինստիտուտից Ալեքսան Հակոբյանը: Ադրբեջանահայության մշակութային արժեքների թանգարանի նախագիծ ներկայացրեց Ադրբեջանահայ փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը:
Գիտաժողովի կազմակերպիչ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ասում է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների օրոք, այն մարմինները, որոնց պետք է դիմել այս խնդրով, ավելի բաց են դարձել.
«Շատ մեծ փոփոխություններ չկան, բայց մենք կարծում ենք, որ սա մեծ առաջընթաց է երկրում: Շատ կարևոր է, որ այս խնդիրը մտնի այն առաջնահերթությունների մեջ, որոնք թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքական օրակարգի հետ առնչվում են»։
«Արդբեջանահայերի ասամբլեա» հասարարական կազմակերպության նախագահ Գրիգորի Այվազյանը կարևորում է մոռացված այս հարցի բարձրաձայնումը և ընդգծում, որ դա Ադրբեջանի աքիլեսյան գարշապարն է․
«Ադրբեջանահայության խնդիրը Ադրբեջանի աքիլեսյան գարշապարն է: Ադրբեջանահայության ճակատագրի և պատմության ճիշտ ներկայացման և մեկնաբանման մեջ են թաքնված ղարաբաղյան հակամարտության հայանպաստ լուծման բանալիները»:
Սաթենիկ Հակոբյան
Թեմայի վերաբերյալ դիտեք ՍիվիլՆեթի հարցազրույցը Հրանուշ Խառատյանի հետ