Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործը Վերաքննիչում է

Նոյեմբերի 27-ին Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության վերաբերյալ դատաքննությունը։

Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնամխելի ճանաչելու վերաբերյալ։ Գործը վերադարձրեց Վերաքննիչ դատարան՝ վերաքննության։

Վճռաբեկ դատարանը գլխավոր դատախազի բողոքը բավարարել է մասնակիորեն, իսկ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ մերժել։

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը որոշել է Սահմանադրական դատարան ուղարկել կալանավորման վերաբերյալ Քրեական դատավարության օրենսգրքի դրույթը՝ դրա սահմանադրականությունը որոշելու վերաբերյալ։

Քոչարյանի փաստաբանները քննադատել են Վճռաբեկ դատարանի որոշումը։

ՀՀ Սահմանադրության 140-րդ հոդվածի համաձայն՝ «Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար»:

***

Ռոբերտ Քոչարյանին 2018-ի հուլիսին մեղադրանք է առաջադրվել 2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։

Հատուկ քննչական ծառայությունը գաղտնազերծել էր 2008-ի փետրվարի 23-ին այդ ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի ստորագրած հույժ գաղտնի՝ թիվ 0038 հրամանը, որով «զինված ուժերը ներգրավվել էին քաղաքական գործընթացներում»։

ՀՔԾ-ի միջնորդությամբ առաջին ատյանի դատարանը որոշեց կալանավորել Քոչարյանին երկու ամսով, սակայն օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը խափանման միջոցի և այն գրավով փոխարինելու միջնորդություններին նույնիսկ անդրադարձ չկատարեց՝ արձանագրելով, որ որպես պաշտոնաթող նախագահ Քոչարյանն ունի անձեռնմխելիություն։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել